ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը հուլիսի 26-ին ընդունել է ԱՄՆ Կանզաս նահանգի Ազգային գվարդիայի ադյուտանտ-գեներալ, ազգային գվարդիայի հրամանատար, գեներալ-մայոր Լի Թաֆանելիի գլխավորած պատվիրակությանը, որին ուղեկցում էր ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսը:
Հանդիպման ընթացքում ամփոփվել են ՀՀ պաշտպանության նախարարության և Կանզասի ազգային գվարդիայի միջև համագործակցության շրջանակներում իրականացվող ծրագրերի արդյունքները:
ՀՀ պաշտպանության նախարարը կարևորել է արհեստավարժ սերժանտական համակարգի զարգացման, ռազմական բժշկության և միջազգային խաղաղապահ առաքելություններին մասնակցելուն պատրաստվող հայկական ստորաբաժանումների գնահատման նպատակով իրականացվող միջոցառումների արդյունքում ունեցած ձեռքբերումները և նախանշել համագործակցության զարգացման հեռանկարները:
Ամերիկյան կողմը պատրաստակամություն է հայտնել այս ուղղություններում համագործակցությունը շարունակել երկարատև ծրագրերի ձևաչափով, և անդրադարձել ռազմաբժշկական ծառայության կազմակերպման, անձնակազմի կրթության և վերապատրաստման ապահովման, վերականգնողական ծրագրերի և այլ ասպարեզներում խորհրդատվության տրամադրման նշանակությունը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր: