Այն, որ Կարեն Կարապետյանի գլխավորած կառավարությունը գնալու էր ոչ ամբոխահաճո քայլերի, քչերի համար էր ենթադրելի: Համաշխարհային տնտեսական կացությունը եւ նրա թելադրած ազդեցությունները մեր տնտեսության վրա՝ նախորդ կառավարություններին հարկադրել էին գնալու սոցիալական նոր լարվածություն չստեղծելու ճանապարհով: Դրա համար, մի կողմից նոր վարկեր էին վերցնում միջազգային ֆինանսական կառույցներից, մյուս կողմից՝ անվճռականություն ցուցաբերում անհրաժեշտ բարեփոխումներ կատարելու ուղղությամբ, քանի որ դրանք կարող էին հավելյալ սոցիալական դժգոհություն առաջացնել: Ակնհայտ է, որ նման քաղաքականությունը երկրի նախագահի պահանջն էր:
Սակայն, ակնհայտ է նաեւ, որ պոպուլիստական քաղաքականությամբ հեռու չես գնա եւ գալու է ցավոտ քայլեր կատարելու ժամանակը: Հակառակ դեպքում, տնտեսական իրողությունները կստիպեն գնալ ավելի ցավոտ քայլերի, այնպես, ինչպես դա եղավ Հունաստանում՝ մեկ-երկու տարի առաջ: Բյուջե 2017-ում եկամուտների եւ ծախսերի կրճատումը, որը թելադրված էր արտաքին պարտքը կառավարելի դարձնելու անհրաժեշտությամբ, նման քայլերից առաջինն էր: Կառավարության 2018-2020 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագրով՝ ՀՆԱ-ից կրթության ոլորտին հատկացվող մասնաբաժինը նվազեցվելու է. եթե այս տարի այն կազմում է 2.34 տոկոս, 2018-ին կլինի 2.18 տոկոս, 2019-ին՝ 1.99 տոկոս, իսկ 2020 թվականին՝ 1.85 տոկոս:
Սերժ Սարգսյանը օրերս հայտարարել էր, որ տարիներ շարունակ մեր գլխավոր շեշտադրումներից մեկը եղել է կրթության և գիտության զարգացումը: Արդյո՞ք այժմ այդ շեշտադրումը փոխվել է: Դժվար թե կառավարության համար նորություն լինի այն պարզ ճշմարտությունը, որ եթե չկա գումար, չկան նաև որակյալ մասնագետներ ու կրթված սերունդ: Ստացվում է, որ մեզ այլևս կիրթ քաղաքացիներ պե՞տք չեն: Կրթության ոլորտը առանց այն էլ ֆինանսական ծանր վիճակում է, իսկ ուսուցիչների աշխատավարձը նպաստի է նման: Այս պայմաններում ևս մի քանի տոկոսով կրճատել ոլորտի գումարը, պարզապես անթույլատրելի է: Կառավարությունը, փոխանակ ոլորտը հոգևարքից հանի՝ կարծես որոշել է հեշտացնել վերջինիս տանջանքները և արագացնել ոչնչացումը: Շատ ավելի ողջունելի կլիներ, եթե գործադիրը մտածեր կրթության համակարգում նոր ծրագրեր սկսելու մասին, առիթ ստեղծեր, որ սերունդը ինքնակրթվելու շարժառիթ ունենար։ Մինչդեռ այնպիսի պայմաններ են ստեղծում, որ սերնդի միակ շարժառիթը դառնում է օր առաջ Հայաստանից արտագաղթելը: Դե, իսկ պաշտոնյաները կարող են չմտահոգվել մեր կրթության որակով, չէ՞ որ իրենց զավակները կրթությունը ստանում են դրսում: Անգամ ոլորտի պատասխանատուներն իրենց երեխաներին նախընտրում են տանել մասնավոր դպրոցներ՝ չվստահելով հանրակրթականում առկա որակին: Իսկ այդ դեպքում՝ ինչո՞ւ պետք է հանրությունը վստահի: ՀՀԿ-ն անընդհատ ասում էր գիտելիքահեն տնտեսություն, կրթության ոլորտին հատկացվող ծախսերի աճ և այլ հեքիաթներ, հիմա հարց է առաջանում՝ ՀՀԿ համար ընտրակեղծարարությամբ զբաղվող ուսուցիչների աշխատավարձն է՞լ են կրճատելու..
Ստելլա Խաչատրյան