ՀՀ մշտական բնակչության թվաքանակը 2017 թվականի հուլիսի 1-ի դրությամբ կազմում է 2 միլիոն 979 հազար 900 մարդ: Ըստ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների՝ հանրապետության քաղաքներում ապրում է 1 միլիոն 898 հազար մարդ, իսկ գյուղերում՝ 1 միլիոն 81 հազար 900 մարդ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ բնակչության թիվը նվազել է 15 200-ով:

Այն, որ դեմոգրաֆիական խնդիրը Հայաստանի համար ազգային անվտանգության հարց է՝ գաղտնիք չէ: Ինչպես հիշում ենք, նորընտիր խորհրդարանի առաջին իսկ նիստում իր ելույթում Սերժ Սարգսյանը Հայաստանի համար 2040 թվականին առնվազն 4 միլիոն բնակչություն էր կանխատեսում: Նախագահի լավատեսությունը որևէ կերպ չեն կիսում ՄԱԿ-ում: Վերջերս հրապարակվեց մի զեկույց, ըստ որի՝ 2050-ին ՀՀ բնակչությունը կկազմի մոտ 2 միլիոն 700 հազար մարդ: Ավելին, ըստ նույն փաստաթղթում արված կանխատեսման, 2100 թվականին մեր երկրում ապրելու է ընդամենը 1 մլն․ 849 հազար մարդ: Այս թվական հակասությունը հուշում է, որ՝ կամ Սերժ Սարգսյանի «սպիչռայթերները» տարրական մաթեմատիկայի չեն տիրապետում, կամ էլ վերստին ապավինել են «թիվ կրակելու» ընդունված պրակտիկային՝ կարծելով, որ մինչեւ 2040 թվականն այդ թվի մասին դժվար թե հիշողներ լինեն: Այս տարվա առաջին եռամսյակում Հայաստանում ծնելիության անկումը շատ կտրուկ է եղել, միաժամանակ բարձրացել է մահացությունը. ըստ պաշտոնական տվյալների, 25 տարվա եռամսյակային կտրվածքով՝ ամենացածր բնական աճն է արձանագրվել՝ ընդամենը 497 մարդ։ Թե ինչպիսին կլինեն հաջորդ եռամսյակները՝ ժամանակը ցույց կտա, բայց շեշտակի աճ ակնկալել՝ իհարկե պետք չէ:

Փորձագիտական տվյալները ցույց են տալիս, որ 2025թ. մահերը գերազանցելու են ծնունդներին, իսկ դա նշանակում է, որ մեր բնական աճը լինելու է բացասական։Անկախությունից ի վեր՝ մեր բնական աճը եղել է դրական, բայց քանի որ ամուսնական տարիք է մուտք գործում 1990-ականներին ծնված սերունդը, որը մոտ 40%-ով քիչ է, քան 1980-ականների սերունդը, այդ իսկ պատճառով՝ ծնունդները նվազելու են։ Միաժամանակ, սոցիալ-տնտեսական զարգացում Հայաստանում չի արձանագրվում և գոյություն ունի արտագաղթ։ Արտագաղթողների մեծ մասն էլ վերարտադրողական տարիքում գտնվող մարդիկ են։ Բացի այդ՝ կարելի է մի շատ ցավալի փաստ նշել, որ 2013թ. հետո գրանցվող արտագաղթն ընտանիքներով արտագաղթ է։ Դա մի պահ կանգ էր առել, բայց Ռուսաստանում բնակվող այն հայերը, ովքեր գնում, այնտեղ աշխատում ու վերադառնում էին, այսօր ռուբլու արժեզրկման և տարբեր այլ պատճառներով ընտանիքներին սկսեցին տանել Ռուսաստան։ 2025 թվականին մահերը գերազանցելու են ծնունդներին, և եթե արտագաղթն այս տեմպերով շարունակվի, բնակչության աճ պարզապես չենք կարող ունենալ։ Ըստ ԱՎԾ տվյալների՝ այսօր մեր բնակչության ցուցանիշը 2 միլիոն 979 հազար 900 մարդ է, իսկ 2011թ. մարդահամարի տվյալներով՝ ֆիքսվել էր 3 մլն 18 հազար բնակիչ։ Այսինքն՝ նույնիսկ ԱՎԾ-ն արձանագրում է այդ փաստը. բնակչության նվազումն այլևս թաքցնել հնարավոր չէ։ Մարդիկ արտագաղթում են հսկայական տեմպերով և արտագաղթում են մի քանի գործոնից ելնելով։ Առաջինը գործազրկությունն է. ֆիքսված է 18% գործազրկություն, բայց 18-30 տարեկանների շրջանում գործազրկությունն ավելի բարձր է՝ 25-26%։ Երկրորդ գործոնն արդարության պակասն է, երրորդը՝ ապագայի նկատմամբ հավատը։ Ահա այս երեք գործոնների ուղղությամբ է պետք աշխատել, եթե իհարկե չենք ցանկանում ԱՎԾ-ի ներկայացրած հաջորդ տվյալներում էլ ավելի տխուր պատկերի ականատես լինել…

Ստելլա Խաչատրյան