Հայաստանում ակտիվորեն քննարկվում է բիզնես-օմբուդսման ստեղծելու գաղափարը: Հեղինակների խոսքով՝ դրա հիմնական նպատակը բիզնես շրջանակների շահերը պաշտպանելն ու նրանց ոտնահարված իրավունքները վերականգնելն է: Մինչ փորձագիտական ու քաղաքական շրջանակները քննարկում էին հարցը, ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը հայտնել է, որ «Գործարարների շահերի պաշտպանի մասին» նախագիծը պատրաստ է և ներկայացվում է հանրային լայն քննարկման: Դրանից հետո այն ներկայացվելու է նաև խորհրդարանական քննարկման՝ լրամշակված, փոփոխված տարբերակով: Քրմոյանն ասել է, որ բիզնես- օմբուդսմանի առաջ դրվող խնդիրներից մեկը գործարարների գործունեության ընթացքում առաջացող խնդիրներին արագ արձագանքելն է, գործարարների շահերը ներկայացնելն ու դրանց պաշտպանությունը: Բացի այդ, ըստ Արդարադատության փոխնախարարի, բիզնես-օմբուդսմանի շնորհիվ հնարավոր կլինի խթանել ներդրումները, օժանդակել բիզնեսին, բարելավել գործարար միջավայրը և այլն:
 
Հարց է առաջանում՝ մեր իրականության պայմաններում առանձնապես ո՞ւմ է պետք, այսպես կոչված, բիզնես-օմբուդսմանի պաշտոնի «ներդրումը», կոնկրետ ո՞ւմ համար է այն ներդրվում, կամ այն ի՞նչ կարող է անել մեր բիզնես համակարգում: Որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ մեր գործարար դաշտը գտնվում է անհավասար պայմաններում, որոշ գործարարներ օգտվում են արտոնյալ հնարավորություններից՝ ներկրելիս հնարավորինս շրջանցում են մաքսային կանոններն ու չեն մուծում օրենքով սահմանված տուրքերը: Եվ տարիներ շարունակ այնպիսի իրավիճակ է ստեղծվել մեր երկրում, որ լայն սպառման ապրանքների ներկրման ու իրացման շուկայում գոյացել են մենաշնորհներ: Եվ եթե երկրի ղեկավարն է արտերկրի հայերի հետ հանդիպման ժամանակ արդարացնում շաքարավազի ներկրման մոնոպոլիան, ապա այդ դաշտում մրցակցություն ապահովելու կամ հակամրցակցային երևույթները չեզոքացնելու համար բիզնես-օմբուդսմանն ի՞նչ պետք է անի:
 
Ի դեպ՝ ՄԻՊ Արման Թաթոյանն արդեն իսկ դեմ է արտահայտվել այս գաղափարին, մտավախություն հայտնելով, որ բիզնես-օմբուդսմանը կրկնելու է իր գործունեությունը: Իհարկե, հանրության մոտ օրինաչափ հարց կարող է առաջանալ՝ իսկ այդ ի՞նչ բուռն գործունեություն է ծավալում ՄԻՊ-ը, որը պետք է կրկնօրինակվի: Թերևս Թաթոյանը իրավացի է. երկու ոչինչ չանող և անբովանդակ կառույցը հարկատուների գրպանի համար կարող են անթույլատրելի ճոխություն դառնալ:
 
Եթե նայենք վերջին տարիների դինամիկային, ապա պետք է արձանագրել, որ մարդու իրավունքների պաշտպանության առումով Հայաստանում եթե վիճակը չի վատացել, ուրեմն չի էլ փոխվել: ՄԻ պաշտպանի որոշումները իրավաբանական ուժ չունեն, դրանք խորհրդատվական են, անուղղակի ազդեցության մեխանիզմներ են վարչական մարմինների որոշումների, դատական մարմինների որոշումների վրա. կառավարությունը լավ կանի՝ դատարանին անկախություն տա որոշումներ կայացնելու համար: Բիզնես-օմբուդսմենի մարմինն, ըստ էության, կլինի լրացուցիչ արդյունք չստեղծող մարմին, որը հասարակությունը պահելու է իր եկամուտների հաշվին:
 
Ուշադրություն դարձրեք նրա պաշտոնի անվանմանը` մարդու իրավունքների պաշտպան։ Այսինքն` նա պարտավոր էր պաշտպանել մարդու իրավունքները (անկախ նրանից` մարդիկ կդիմե՞ն իրեն, թե ոչ)։ Իսկ Հայաստանում մարդու իրավունքները շատ հստակ ֆիքսված են Սահմանադրության 2-րդ գլխում։ Օրինակ` Սահմանադրության հոդված 14.1-ում գրված է, որ «բոլոր մարդիկ հավասար են օրենքի առջև, ընդ որում` անկախ «քաղաքական կամ այլ հայացքներից, «գույքային վիճակից եւ այլն»։ Հիմա տեսեք` նույն հանցանքի համար հարյուրավոր մարդիկ գտնվում են բանտերում, իսկ բազմաթիվ պաշտոնյաների զավակներ ազատության մեջ են։ Եվ ի՞նչ, քանի՞ անգամ եք տեսել, որ օմբուդսմանը զբաղվի այդ հարցով։ Ո՛չ, նա դրանով չի զբաղվում, նրան ավելի շատ մտահոգում է այն, որ միջատներն այդ՝ կալանավորներին չկծեն։ Սահմանադրության 31-րդ հոդվածում պարզ գրված է. «Սեփականության իրավունքի իրականացումը չպետք է վնաս պատճառի շրջակա միջավայրին։ Իսկ ի՞նչ է տեղի ունենում Հայաստանում։ Ինչ-որ մեկը սեփականության իրավունքով ինչ-որ հանք է ձեռք բերում եւ տասնյակ հեկտարներով անտառ «փրթում»։ Քանի՞ անգամ եք տեսել, որ օմբուդսմանը զբաղվի նման հարցերով։ Կամ` 33.1 հոդվածում գրված է՝ շուկայում մենաշնորհ կամ գերիշխող դիրքի չարաշահումը եւ անբարեխիղճ մրցակցությունն արգելվում է։ Բայց օմբուդսմանին սա եւս չի հետաքրքրում. չէ՞ որ նա մարդո՛ւ իրավունքների պաշտպանն է, եւ ոչ թե 2 միլիոն մարդկանց։
 
Ի դեպ, իսկ աշխատողների շահերի պաշտպանի ինստիտուտ իշխանությունները չե՞ն ուզում հիմնել, դա պակա՞ս կարևոր հարց է: Այսօր Հայաստանում գործատուներն ինչ ուզում են՝ անում են, իսկ աշխատողները պաշտպանված չեն նրանց քմահաճույքներից: Առողջապահական պետական տեսչությունը աշխատողների խախտված իրավունքների պաշտպանության հարցերով խորհրդատվություն չի տալիս, ինչը որոշ քաղաքացիների մոտ առաջացրել է իրավական անորոշություն: Ոլորտում բացակայում է նաև օրենսդրական հստակությունը, որի պայմաններում քաղաքացին կկարողանա համատեղել իր վարքագիծը օրենքի պահանջներին և կկարողանա վերականգնել աշխատանքային իր խախտված իրավունքները: Բայց արի ու տես, որ մեր երկրում շահ և իրավունք ունեն միայն գործարարները և քաղաքական էլիտան. մյուսների մոտ՝ պարտականություններ են…
 
 
Ստելլա Խաչատրյան