Ռուսաստանը և Թուրքիան առաջիկա շաբաթներին երկու երկրների միջև առկա տնտեսական սահմանափակումների շուրջ քննարկումներ և խորհրդակցություններ են անցկացնելու:

Այս մասին, հայտնում է «Ռիա Նովոստի»-ն:

Հանդիպումների ժամանակ քննարկվելու է նաև թուրքական լոլիկի հարցը, որի արտահանումը դեպի Ռուսաստան արգելված է:

«Ես մտածում եմ որ առաջին քննարկումները կսկսեն առաջիկա շաբաթների ընթացքում և կքննարկվեն ինչպես մյուս բոլոր հարցերն այնպես էլ լոլիկի հարցը»,- նշել է Ռուսաստանի էկոնոմիկայի փոխնախարար Գռուզդևը:

Ռուս փոխնախարարը հավելել  է, որ հանդիպումների ժամանակ կողմերը նախապես ձեռք բերված համաձայնությունների հիման վրա քննարկելու են առկա հարցերը:

«Մենք ունենք սահմանափակումների հարցը լուծելու մեխանիզմ»,- ասել է նա: 

Նախորդ շաբաթ Թուրքիայի էկոնոմիկայի նախարար Նիհաթ Զեյբեքչին հայտնել էր, որ Թուրքիան ստիպված է լինելու պատասխան միջոցներ ձեռնարկել, եթե Ռուսաստանը չհանի թուրքական որոշ գյուղատնտեսական ապրանքների մատակարարման վրա դրված սահմանափակումները: 

Ռուսաստանի փոխվարչապետ Արկադի Դվորկովիչը հայտնել էր, որ օգոստոսի 18-ին Թուրքիան և Ռուսաստանը Իզմիրում անց են կացնելու առաջին ամբողջական խորհրդակցությունը  թուրքական լոլիկի Ռուսաստան մատակարարման վրա դրված էմբարգոի վերաբերյալ: 

Ռուսաստանը 2016-ի հունվարի 1-ին Թուրք զինվորների կողմից  Սիրիայի տարածքում Ռուսական Սու-24 ինքնաթիռի վրա կատարված հարձակումից հետո էմբարգո էր սահմանել թուրքական մի շարք ապրանքատեսակների վրա: 2017թ-ի հունիսի սկզբին Ռուսաստանի կառավարությունը հանել էր թուրքական ապրանքների մատակարարման վրա դրված սահմանափակումները, բացի լոլիկից: Դեպի Ռուսաստան թուրքական լոլիկի մատակարարման վրա դրված սահմանափակումը շարունակվում է մինչ այժմ: