Ներդրումներ անելու պատրաստվող «Եվրամիություն-Ասիա բիզնես ֆինանսական կենտրոն» հոլդինգի ներկայացուցիչներն այցելել են «Նաիրիտ» գործարան և ծանոթացել ներկա իրավիճակին, այնուհետև հանդիպում են ունեցել Կառավարության անդամների հետ ու որոշվել է աուդիտ անցկացնել՝ հասկանալու համար, թե որքան ներդրում է հարկավոր գործարանի վերագործարկման համար:

Սակայն, ինչպես ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում ասաց գործարանի նախկին աշխատակից Կարինե Շահվերդյանը, «Նաիրիտ» գործարանում տեխնիկական աուդիտ չի անցկացվի, քանի որ կառավարությունը թույլ չի տվել «Եվրամիություն-Ասիա բիզնես ֆինանսական կենտրոն» հոլդինգին աուդիտ անցկացնել: «Մի կողմից խոստումներն են, որ բազմիցս հույս են արթնացրել մեր մեջ, մյուս կողմից՝ բանակցությունների ձգձգումն է՝ հերթական անհիմն պատճառաբանություններով: Մեկ տարի և ավելի՝ բանակցությունների փուլում գտնվող կազմակերպությունը չի կարող հավատ չներշնչել: Մի կողմի պատրաստակամությունը և մյուս կողմի երկարաձգումը տարակուսանք են առաջացնում մեզ մոտ»,- իր մտահոգությունը հայտնեց Շահվերդյանը:

Նրա խոսքով՝ սնանկության կառավարչի կողմից ստորագրվել է պայմանագիր, որով պարտավորություն է ստանձնել 22.000 տ.-ի մետաղի ջարդոն հանձնել. «Այդ «մետաղի ջարդոն»-ը վաղվա վերագործարկման համար անհրաժեշտ, պիտանի սարքավորումներն են: Դա են վկայում մեր մասնագետները: Իսկ այսօր, ցավոք, մեծ քանակի մետաղի ջարդոն է դուրս գրվել, ինչը չի անհանգստացնում կառավարությանը, թեեւ այդ մասին մենք բազմիցս բողոքել ենք»,- ասաց նա՝ ավելացնելով, որ կառավարությունն իր անտարբերությամբ նպաստում է թալանին՝ իմանալով անդառնալի հետևանքների մասին:

«Ի՞նչն է խանգարում փոխադարձ երկկողմանի հուշագրի ստորագրմանը, երբ եվրոպական կողմը և՛ աուդիտի, և՛ վերագործարկման հետագա բոլոր ծախսերն իր վրա է վերցնում: Եվ եթե այդ հուշագրի որևէ կետ չի համապատասխանում ՀՀ նորմերին, ինչո՞ւ կառավարությունը դրա փոփոխման առաջարկ չի անում»,- ասաց Շահվերդյանը՝ նշելով, որ առաջարկում են կառավարությանը՝ պաշտոնապես հրապարակել վերջնական որոշումը:

Գործարանի նախկին աշխատակիցը հույս հայտնեց՝ ակնկալում են, որ որոշումը կլինի խելամիտ և կբխի մի քանի հազար նաիրիտցիների շահերից, ՀՀ տնտեսության զարգացման շահերից, որի համար արդեն երկար տարիներ պայքարում են նաիրիտցիները և որի համար «Նաիրիտ»-ով հետաքրքրված է և մեկ տարի շարունակ բանակցություններ է վարում «Եվրոպա Ասիա բիզնես ֆինանսական կենտրոն» հոլդինգը՝ ընկերության նախագահ, գործարար Աշոտ Գրիգորյանի ղեկավարությամբ:

Նա ընդգծեց՝ հակառակ պարագայում նաիրիտցիներն այլ ելք չեն տեսնում, քան բողոքի տարաբնույթ ակցիաների ձևով սույն խնդրի վրա ուշադրություն բևեռելը:

Սոնա Հարությունյան