ՀՀ գլխավոր դատախազը հանձնարարել է նյութեր նախապատրաստել փաստաբան Արայիկ Պապիկյանի հասցեին սպառնալիքների մասին հայտարարությունների հիման վրա: Այս մասին տեղեկացրին ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնից:

 


«ՀՀ գլխավոր դատախազությունն ընթացք է տվել փաստաբան Արայիկ Պապիկյանի և նրա ընտանիքի անդամների հասցեին սպառնալիքներ պարունակող էլեկտրոնային նամակներ ստանալու և մասնագիտական գործունեության համար հետապնդման ենթարկվելու վերաբերյալ Հելսինկյան ասոցիացիա իրավապաշտպան ՀԿ-ի տարածած հայտարարությանը: Վերջինիս կապակցությամբ երեկ ՀՀ գլխավոր դատախազին են դիմել ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը և ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը:

 


ՀՀ գլխավոր դատախազության կողմից ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությանը հանձնարարվել է քրեական գործ հարուցելու հիմքերը պարզելու նպատակով ստուգել Արայիկ Պապիկյանի ներկայացրած հաղորդման մեջ, ինչպես նաև դրա վերաբերյալ արված հայտարարություններում ներկայացված հանգամանքները և Քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով նախապատրաստել նյութեր»,- ասված է հաղորդագրության մեջ: