Կառավարության օգոստոսի 17-ի նիստում ՀՀ արդարադատության նախարարությունը կդիմի գործադիրին՝ գումար հատկացնելու խնդրանքով: Գումարի հատկացումն, ըստ Արդարադատության նախարարության հիմնավորման, անհրաժեշտ է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռներն անվերապահորեն կատարելու` Հայաստանի Հանրապետության կողմից Եվրոպայի խորհրդի առջև ստանձնած պարտավորության կատարման հրամայականով:
Փաստորեն, Հայաստանը հերթական անգամ վճարելու է Եվրոպական դատարանի վճռի պահանջով, այդ կառույցի կողմից ընդունված վճիռն ի կատար չածելու համար:
Խոսքն այս պարագայում վերաբերում է «Դնգիկյանն ընդդեմ Հայաստանի» գործին, որով Մարդու իրավունքների եվրոպական դատարանը օգոստոսի 15-ին հրապարակել է վճիռը, արձանագրելով Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի և թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածի խախտում:
Գործը վերաբերում է դիմումատուի օգտին կայացված դատական ակտի չկատարմանը: Դիմումատուն պնդել է, որ ՀՀ ներպետական մարմինները չեն ձեռնարկել անհրաժեշտ բոլոր միջոցները իր օգտին կայացված վճիռը կատարելու համար` պատճառաբանելով, որ խնդրո առարկա ռեստորանային համալիրը դեռևս գործում է, և այն քանդելու համար բացակայում էին համապատասխան տեխնիկական սարքավորումները:
Արդյունքում Եվրոպական դատարանը վճռել է, որ ՀՀ իշխանությունների կողմից տարիներ շարունակ վճռի պահանջները չկատարելը հանգեցրել է Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի խախտման, ուստի Եվրոպական դատարանը Հայաստանի Հանրապետությանը պարտավորեցրել է դիմումատուին վճարել ընդհանուր առմամբ 3,600 եվրո` որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում:
Նշենք, որ Հայաստանն այս գումարը դիմումատուին պետք է վճարի մինչև այս տարվա սեպտեմբերի 15-ը:
Հավելենք, որ հուլիս ամսին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակել է «Բադալյանն ընդդեմ Հայաստանի» և «Հովհաննիսյանն ընդդեմ Հայաստանի» գործերով վճիռները, որոնցով արձանագրել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-րդ կետի (անձնական ազատության և անձեռնմխելիության իրավունք) խախտումներ՝ նշված գործերից յուրաքանչյուրով Հայաստանի Հանրապետությանը պարտավորեցնելով վճարել 3,000 եվրո` որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում: