Երևան քաղաքի Հանրապետության հրապարակի մերձակա փողոցներում տրանսպորտային միջոցների կուտակումներից և հնարավոր խցանումներից խուսափելու նպատակով 2017 թվականի օգոստոսի 17-ից Ամիրյան, Նալբանդյան փողոցների և Տիգրան Մեծի պողոտայի՝ հրապարակ մուտքի-ելքի հատվածների լուսացույցների եռագույն աշխատանքային ռեժիմները փորձնական կարգով կփոխարինվեն միայն դեղին թարթող ռեժիմներով:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից, ճանապարհատրանսպորտային պատահարներից խուսափելու նպատակով տրանսպորտային միջոցների վարորդներին խնդրվում է լինել ուշադիր և զիջել փողոցը հատող հետիոտներին:
2017 թվականի հունիսի 11-ից Հանրապետության հրապարակում կատարվել է երթևեկության կազմակերպման փոփոխություն, որի արդյունքում երթևեկության առավելություն ունեն հրապարակի շրջանաձև երթևեկության հատվածում գտնվող տրանսպորտային միջոցները. մերձակա փողոցներից շրջանաձև երթևեկության հատված մուտք գործող տրանսպորտային միջոցները պետք է ճանապարհը զիջեն շրջանաձև երթևեկության հատվածում գտնվող տրանսպորտային միջոցներին: