1943 թվականի սեպտեմբերից մինչև 1944 թվականի հունիսը նացիստական զորքերը գրավել էին Հռոմը։ Այս կարճ ժամանակահատվածում քաղաքում մի առեղծվածային հիվանդություն սկսվեց տարածվել, որով վարակվածների հանդեպ կարանտին էր կիրառվում. նրանց մեկուսացնում էին մյուսներից և հատուկ սենյակում հատուկ հսկողության տակ պահում։ Համաճարակը ստացավ Քեյ սինդրոմ անվանումը, որի պատճառով ոչ ոք չմահացավ, փոխարենը հարյուրավոր հրեաներ փրկվեցին։
Չնայած մարդիկ սարսափում էին, Քեյ սինդրոմն իրականում հիվանդություն էլ չէր։ Այն բժիշկներ Վիտորիո Սասերդոտիի, Ջիովանի Բորոմեոյի և Ադրիանո Օսիչինիի մտահղացումն էր՝ մի խորամանկ քայլ, որի շնորհիվ հնարավոր կլիներ փրկել տեղի հրեաներին։
Հիվանդանոցը գտնվում էր հրեական առանձնաթաղի հարևանությամբ։ Նացիստները մոտավորապես 10,000 իտալացի հրեաների էին ձերբակալել, որոնց պատրաստվում էին համակենտրոնացման ճամբարներ ուղարկել։
Փախստական դարձած հրեաներին փրկելու համար երեք բժիշկները նրանցից շատերի մոտ ախտորոշեցին Քեյ սինդրոմ։ Քանի որ բժիշկների կողմից տրված պաշտոնական փաստաթղթերում նշվում էր, որ սինդրոմով տառապող մարդկանց պետք է մեկուսացնել, ոչ ոք չհամարձակվեց ավելորդ հարցեր տալ՝ կարծելով, որ բժիշկներն իրենց գործը լավ գիտեն։
«Հիվանդի փաստաթղթերում նշելը, որ նա Քեյ սինդրոմով է տառապում, իրականում ոչ այլ ինչ էր, քան գաղտնի կերպով նշելը, որ նա հրեա է»,- հետագա հարցազրույցներից մեկում նշել է բժիշկ Օսիչինին։
Քեյ սինդրոմն ունեցող մարդկանց բժիշկները հրահանգել էին, որ նացիստ զինվորների մոտ հազան, ձևացնեն, թե շատ հիվանդ են։ Բացի այդ՝ բժիշկները բոլորին պատմում էին, որ հիվանդությունը վարակիչ է ու շատ վտանգավոր, ուստի նացիստական բոլոր պաշտոնյաներն ու զինվորները սարսափում ու խուսափում էին «հիվանդներին» այցելելուց։
Իհարկե, այս ամենն այդքան էլ հեշտ տեղի չունեցավ։ Հիվանդանոցի բոլոր աշխատակիցներին բժիշկները տեղեկացրել էին, որ ոչ ոքի բառ անգամ չասեն մտացածին հիվանդության մասին․ եթե որևէ մեկն իմանար այդ ամենի մասին, ոչ միայն «հիվանդ» հրեաները, այլ նաև բոլոր բժիշկներն ու հիվանդանոցի աշխատակազմը տեղում կգնդակահարվեին կամ այլ դաժան պատժի կարժանանային՝ միանգամից ուղարկվելով համակենտրոնացման ճամբարներ, որտեղից փրկվելը համարյա անհնար էր։
Այս ամենի մասին բժիշկներն ու հիվանդանոցի մյուս աշխատակիցները սկսեցին խոսել միայն վերջերս՝ մոտավորապես 60 տարի անց։ Բժիշկ Բորոմեոն Հոլոքոստի զոհերի հիշատակի համաշխարհային կենտրոնի, ինչպես նաև շատ այլ միջազգային կազմակերպությունների կողմից արժանացավ հատուկ մրցանակի կատարած մարդասիրական աշխատանքի համար։
Հռոմում գտնվող հիվանդանոցը կրում էր Ֆատեբենեֆրատելի անունը, սակայն 2016 թվականի հունիսին այն վերանվանվեց և կոչվեց «Կյանքի տուն»։ Հատուկ արարողությանը ներկա էր նաև երեք բժիշկներից Օսիչինին, ով այդ ժամանակ արդեն 96 տարեկան էր։