Այսօր Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան տեղեկություն է տարածել այն երկրպագուների համար, ովքեր ցանկանում են ներկա գտնվել սեպտեմբերին 1-ին Բուխարեստում կայանալիք աշխարհի առաջնության ընտրական փուլի 7-րդ տուրի Ռումինիա-Հայաստան հանդիպմանը: Հայտարարության մեջ նշվում է, որ «Արենա Նացիոնալա» մարզադաշտի մոտ հայ երկրպագուները կարող են տոմսեր ձեռք բերել 15 ռումինական լեյով: Այս պահին 15 ռումինական լեյը կազմում է 1840 դրամ: Նշենք, որ սեպտեմբերի 4-ին Երևանում կայանալու է ընտրական փուլի Հայաստան-Դանիա հանդիպումը: Այս խաղի տոմսերն արժեն 4-10 հազար դրամ: Արդյո՞ք մեկնաբանության կարիք կա. դժվար թե:
Եթե վերցնենք տոմսերի գների բացարձակ արժեքը, ապա ՀՖՖ սահմանած գները Հայաստանի հավաքականի խաղերի համար՝ դրանք ամենացածրերից չեն: Փորձենք համեմատություն կատարել մի քանի այլ երկրների հետ: Այսպես, պարզ է դառնում, որ մենք մեր տնային խաղերը դիտելու համար վճարում ենք մոտ 7,5-20 եվրո, գրեթե նույն արժեքը, ինչ պորտուգալացիները՝ Կրիշտիանու Ռոնալդուի ու խաղընկերների խաղին հետեւելու համար: ՀՖՖ-ի սահմանած գներն էապես բարձր են նախկին ԽՍՀՄ մի շարք երկրներում գործող գներից, մասնավորապես՝ մեր հարեւաններ Վրաստանից ու Ադրբեջանից, Մոլդովայից, Ուկրաինայից, Բելառուսից: Իրականում, եթե նույնիսկ հիմա ՀՖՖ-ն ընդառաջ գնա երկրպագուների պահանջին եւ իջեցնի գները, խնդիրը, միեւնույն է, կարող է չլուծվել, որովհետեւ երկրպագուներին զայրացնում է ոչ միայն սահմանված բարձր գները, այլեւ գնային քաղաքականության նկատմամբ ՀՖՖ-ի շատ կոշտ դիրքորոշումը: Շատ երկրներում գները խաղից խաղ փոխվում են: Հաշվի է առնվում թե՛ մրցակցի մակարդակը, թե՛ խաղի բնույթը՝ պաշտոնական կամ ընկերական, մինչդեռ Հայաստանում 2014թ.-ի սեպտեմբերից սկսած՝ բոլոր հանդիպումների տոմսերի գները նույնն են: Դատարկ մարզադաշտերի համար մեղադրել միայն ֆուտբոլիստներին՝ շատ սխալ է, քանզի ֆուտբոլային հանդիպումը մեծ միջոցառում է, որը պահանջում է լուրջ կազմակերպում՝ ներառյալ մարկետինգային քայլերը: Իսկ դրա պատասխանատուն ՀՖՖ-ն է, որը պետք է ոչ միայն ֆուտբոլիստներին հրավիրի հավաքական, այլեւ ֆուտբոլասերին՝ մարզադաշտ: Պետք է աշխատանք տանել երկրպագուների հետ, վարել ճկուն գնային քաղաքականություն, կիրառել աշխարհին լավ հայտնի մարկետինգային հնարքներ՝ լի տրիբունաների աջակցությունն ունեցող հավաքական ունենալու համար: Տպավորությունն այնպիսին է, որ ֆուտբոլի ֆեդերացիայում շահագռգռված չեն, որպեսզի ազգային հավաքականի ելույթներին տրիբունաները լեցուն լինեն: Ավելին, կարծես ոմանց համար ձեռնտու է, որպեսզի հավաքականը ելույթ ունենա կիսադատարկ ստադիոնում:
ՀՖՖ-ն հաճախ է շեշտը դնում հենց այս ոլորտում իր ձեռքբերումների վրա, այդ թվում՝ Երևանում և Գյումրիում ֆուտբոլային ակադեմիաների բացմանը, ինչպես նաև թվով 42 արհեստական ծածկով փոքր դաշտերի շահագործմանը հանրապետության տարբեր համայնքներում: Ծանոթանալով ՀՖՖ-ի, UEFA-ի և FIFA-ի ֆինանսական հաշվետվություններին, պարզ է դառնում, որ այս ֆուտբոլային ենթակառուցվածքների զարգացումը գրեթե ամբողջովին ֆինանսավորվել է միջազգային կառույցների կողմից։ Այլ հարց է, թե ինչպես է որոշվել գումարները ծախսել հենց այս նախագծերի վրա և ոչ, ասենք՝ 5 ավելի փոքր ակադեմիաների ստեղծման կամ նախկինում գործող դպրոցների վերանորոգման համար։ Կատարվե՞լ է ադյոք որևէ հետազոտություն այս ծրագրերի նպատակահարմարությունը, կամ, ասենք, կառուցման վայրը որոշելու համար։ Այս հարցերը չունեն պատասխան, սակայն կարելի է ենթադրել, որ նման հետազոտություն չի կատարվել, հիմնվելով, ինչո՞ւ ոչ, այն փաստի վրա, որ Ֆուտբոլային ակադեմիան կառուցվել է Հայրապետյանին պատկանող ռեստորանի հետնամասում։ Մարզերում չկան ֆուտբոլով զբաղվելու տարրական պայմաններ, իսկ երևանցի այն երեխաները, որոնց ծնողները հնարավորություն ունեն իրենց ավտոմեքենայով հասցնելու Ավանի ակադեմիա ու հոգալու այլ ածանցյալ ծախսերը, կարող են նախընտրել համաշխարհային մակարդակի ֆուտբոլային ենթակառուցվածքները։ Նման պայմաններում դժվար չէ կռահել՝ քանի տասնամյակ հետո հայկական ֆուտբոլը կծնի նոր Հենրիխ Մխիթարյաններ:
Ստելլա Խաչատրյան