Թուրքիայում սկսվել են Քոնիա նահանգի Աքշեհիր քաղաքում գտնվող հասկական Սբ. Երրորդություն եկեղեցու վերակառուցմանն ուղղված աշխատանքները:
Այս մասին հայտնում է «Ակոս» պարբերականը:
Եկեղեցին վերակառուցվելու է Աքշեհիրի քաղաքապետարանի և Թուրքիայի զարգացման նախարարության համատեղ ծրագրի շրջանակներում:
Աքշեհիրի քաղաքապետարանը պատրաստվում է վերակառուցումից հետո եկեղեցին կիրառել որպես մշակութային կենտրոն:
Եկեղեցու վերակառուցման ծրագիրը հաստատելու համար նախորդ շաբաթ եկեղեցու դիմաց տեղի է ունեցել ծրագրի ստորագրման արարողությունը:
Ստորագրման արարողության ժամանակ խոսել է Աքշեհիրի քաղաքապետ Սալիհ Աքքայան, ով տեղեկացրել է, որ վերակառուցվելու է նաև եկեղեցու մաս կազմող քահանաների բնակության համար նախատեսված շինությունը, որը օգտագործվելու է, որպես հյուրանոց:
Աքշեհիրի քաղաքապետը հայտնել է, որ ծրագրվում է վերանորոգել նաև քաղաքի հայկական բաղնիքը:
Քաղաքապետը նշել է, որ եկեղեցու և այլ շինությունների վերակառուցումը նպատակ ունի Աքշեհիրում ակտիվացնելու զբոսաշրջությունը:
«Կարծում եմ, որ այս եկեղեցին բոլորին ցույց կտա, թե ինչ մշակութային հարստություն ունի Աքշեհիրը»,- հավելել է քաղաքապետը:
Քոնիա նահանգի Աքշեհիր քաղաքում նախքան 1915 թ. Հայոց ցեղասպանությունը բնակվել է 4 հազար 950 հայ: Սբ. Երրորդություն եկեղեցուց բացի Աքշեհիրում գործել է հայկական 4 կրթօջախ, ինչպես նաև հայկական բաղնիք: