Հայաստանի առողջապահության գլխավոր խնդիրը, որի լուծումը, գոնե ներկա դրությամբ, նույնիսկ հեռավոր հորիզոններում տեսանելի չէ, մատչելիության հարցն է: Բավական չէ՝ մատների վրա կարելի է հաշվել նորմալ մասնագետներին, դեռ մի բան էլ քաղաքացին համապատասխան ծառայության դիմաց հաճախ ստիպված է լինում վճարել չարդարացված բարձր գումարներ, ինչը, բնականաբար, ոչ մի կերպ չի կարող տեղավորվել հիպոկրատյան հումանիստական բարձր արժեհամակարգի ծիրից ներս. իրականում, մեզ մոտ կարևորագույն այս որորտը վաղուց վերածվել է սովորական բիզնեսի ու գնագոյացման հարցում վճռորոշ են դարձել հենց բիզնեսի տրամաբանությունից բխող սկզբունքները:
Պարզվում է՝ դիցուք՝ Հայաստանի Տավուշի մարզի բնակիչների մոտ մի յուրատեսակ տենդենց է սկսում ի հայտ գալ. շատերը սեփական առողջությանը վերաբերող խնդիրները լուծում են հարևան Վրաստանում՝ նախընտրելով էժան առողջապահական ծառայությունը թանկից, ինչը, նկատենք՝ միանգամայն տրամաբանական է՝ պայմանավորված նաև մատուցվող ծառայաությունների որակի նույնականությամբ: Օրինակ՝ նույն սրտի ստենտավորումը, բանից պարզվում է՝ Վրաստանում մի քանի անգամ ավելի էժան է, քան Հայաստանում, ու եթե, ասենք, նույն ստենտավորումն այստեղ արժե մոտ 3000 դոլար, ապա հարևան երկրում նույն այդ բժշկական պրոցեդուրայի համար նույն Տավուշի մարզի բնակչից պահանջում են 1000 դոլարը չգերազանցող գումար:
Հարց է ծագում՝ հատկապես ի՞նչն է Հայաստանում առողջապահական ծառայություններն այսքան թանկ դարձնում: Թվում է՝ «մատերիալը» նույնն է (խոսքը ստենտի մասին է), վիրաբուժական դանակներն էլ առանձնապես ոչնչով միմյանցից չեն տարբերվում, իսկ կասկածի տակ առնել վրացի վիրաբույժների պրոֆեսիոնալիզմը, կներե՛ք, առնվազն էթիկայից դուրս է… Միակ «տրամաբանական» բացատրությունը, թերևս, ներկրվող ստենտների ներմուծման վրա ավելորդ հարկատեսակների սահմանումը կլիներ (ասենք՝ ավելացված արժեքի հարկ և այլն), սակայն որքան մենք ենք տեղյակ, բարեբախտաբար, դեռ այդ օրին չենք հասել, որ բյուջեի դեֆիցիտը փակելու համար հիմա էլ ստենտների վրա ավելորդ հարկ սահմանենք: Հետևաբար՝ վերոհիշյալ հարցն՝ուղղված պարոն Լևոն Ալթունյանին, խիստ արդիական է շարունակում մնալ: Տեսնես ինչպե՞ս կպատճառաբանի նախարարն այս անտրամաբանական վիճակը…
Դավիթ ԲԱԲԱՆՈՎ