ԵԱՀԿ ՄԽ համանախագահները այժմ աշխատում են ԼՂ հակամարտության կարգավորման հերթական գագաթնաժողովի կազմակերպման ուղղությամբ: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան: Տեղեկանում ենք ՌԴ ԱԳՆ պաշտոնական կայքից:
Նրա խոսքով՝ այդ նպատակով ընթացիկ տարվա հուլիսին համանախագահները Բրյուսելում հանդիպումներ են ունեցել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ:
«Խորհրդակցությունները կշարունակվեն ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի հերթական նստաշրջանի շրջանակներում, որը տեղի կունենա սեպտեմբերի երկրորդ կեսին Նյու-Յորքում, որի արդյունքում կարվի համապատասխան հայտարարություն»,- նշել է Զախարովան:
Անդրադառնալով ԼՂ հակամարտության կարգավորման վերաբերյալ իրենց ուղղված հարցերին, ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը շեշտել է, որ Ռուսաստանը մշտապես աջակցել է այն քայլերին, որոնք ուղղված են ղարաբաղյան հակամարտության գոտում լարվածության թուլացմանը:
«Այս ուղղությամբ կոնկրետ քայլերի անհրաժեշտության մասին բազմիցս հայտարարություն են արել նաև ԵԱՀԿ ՄԽ համանախագահները Վիենայում և Սանկտ-Պետերբուրգում տեղի ունեցած գագաթնաժողովների ժամանակ: Միջնորդների առաջարկած քայլերի իրագործումը կախված է կողմերի բարի կամքից: Մեր կողմից անում ենք հնարավորը, որպեսզի կայունացնենք իրավիճակը, ստեղծենք պայմաններ բանակցային գործընթացի շարունակության համար՝ ուղղված հակամարտության կարգավորմանը: Հենց այսպիսի մոտեցում են կարևորել Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարներն այս տարվա ապրիլին Մոսկվայում հանդիպման ժամանակ»,- ասել է նա: