Ամեն անգամ, երբ գյուղատնտեսական տարին իր պիկին է հասնում, Հայաստանում գլուխ է բարձրացնում մի խնդիր, որի լուծումն արդնե երկար տարիներ է, ինչ հնարավոր չի լինում գտնել. մթերող ընկերություններ-գյուղացիություն խնդիրը թվում է անվերջանալի է մեզանում,ու, նույնիսկ, եթե գյուղատնտեսական տարին բավական բարենպաստ է լինում, ապա դա միայն է՛լ ավելի է շատացնում գյուղացու ունեցած խնդիրները. մարդիկ չեն կարողանում հասկանալ` ինչպես յուրացնել սեփական բերքն ու դրա դիմաց ժամանակին ստանալ իրենց հասանելիք վարձատրությունը: Բավական է հատկապես վերջին տարիներին ստեղծված վիճակը մի փոքր մոտիկից ուսումնասիրել,որպեսզի պարզ դառնա` խնդիրն իրապես օրհասկան է դարձել:
Ինչպես հայտնի է, պետությունը մթերող ձեռնարկություններին տարեկան 3%-ով վարկային պորտֆել է տալու, որպեսզի վերջիններս գյուղացուն վճարելու խնդիրներ չունենան: Հայաստանում շուտով սկսելու է խաղողի մթերումն, ու նկատենք,որ ձեռնարկված միջոցն իսկ և իսկ ժամանակին է արվում:Սակայն խնդիրը նրանում է,որ միայն մթերողների կողքին կանգնելով կամ նրանց նյութական աջակցություն ցույց տալով չէ,որ հնարավոր է լինելու հարցին լուծում գտնել. գյուղացու կողքին ևս կանգնող է պետք, նրան աջակցող, ու հենց այստեղ է,որ կարիք է զգացվում պետության նախաձեռնողականության: Պարզից էլ պարզ է, որ քանի դեռ գյուղացի-մթերող հարաբերությունները չեն վերահսկվում օրենքով, քանի դեռ այդ երկուսի միջև ձևավորված չէ հստակ իրավապայմանագրային դաշտ, ու քանի դեռ գյուղացիները հանձնված են այս կամ այն մթերողի բարի կամքին, տեղաշարժ ակնկալել չի կարելի: Արտոնություններ ստանալուն զուգահեռ նույն մթերողները պետք է օրենքով ամրագրված պարտավորվածություններ էլ հանձն առնեն,որպեսզի գյուղացին ցանկացած պահի իրավունք ունենա օրենքի ուժով լուծել առաջացած խնդիրը: Հակառակ պարագայում՝ ո՞վ է երաշխավորը,որ ասենք արտոնյալ մթերողներից մի քանիսը, ելնելով իրենց շահերից, չեն խաբի հասարակ գյուղացիությանը.ասվածի օրինակներ`որքան ուզես: Այնպես որ` Իգնատի Առաքելյանը մտածելու տեղ շատ ունի:
Դավիթ ԲԱԲԱՆՈՎ