Երևանի քաղաքապետարանի «Երևանյան ամառ 2017» եռամսյա միջոցառումների ծրագրով հերթական միջոցառումը գարեջրասերների համար էր: Կարապի լճի հարակից տարածքում կազմակերպվել է արդեն ավանդական դարձած և մայրաքաղաքի բնակիչների ու հյուրերի կողմից սիրված Երևանի գարեջրի 4-րդ փառատոնը:
Ինչպես տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, միջոցառման ընթացքում հայկական գարեջրային շուկայի առաջատար ընկերությունները, մայրաքաղաքի գարեջրատները, սրճարաններն ու փաբերը մասնակիցներին ներկայացրել են հայկական գարեջրագործության լավագույն ավանդույթները, ինչպես նաև գարեջրի ստեղծման շուրջ երեքհազարամյա պատմությունը:
Միջոցառմանը ներկա են եղել նաև Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը, քաղաքապետի օգնական Մարիա Բարաղամյանը, ինչպես նաև քաղաքապետարանի աշխատակազմի տուրիզմի բաժնի պետ Գևորգ Օրբելյանը:
Մարիա Բարաղամյանը կարևորել է Երևանի գարեջրի փառատոնի դերը մայրաքաղաքի միջոցառումային զբոսաշրջության զարգացման գործում:
«Այս փառատոնը, որը «Համով-հոտով Երևան» և «Երևան ՏԱՐԱԶֆեստ» փառատոներից հետո երրորդ զբոսաշրջայինբաղադրիչ պարունակող խոշոր միջոցառումն է, արդեն հասցրել է սիրվել ոչ միայն մեր համաքաղաքացիների, այլնաև բազմաթիվ զբոսաշրջիկների կողմից: Մասնակիցների թիվը տարեցտարի ավելանում է»,- նշել է Մարիա Բարաղամյանը:
Կարապի լճի հարակից տարածքում տեղադրված տաղավարներում, ավանդույթի համաձայն, մասնակիցներին գարեջրի բազմաթիվ տեսականիներ և խորտիկներ են առաջարկել «Երևանի գարեջուր», «Գյումրի» և «Ալեքսանդրապոլ», «Կոտայք» գարեջրի գործարանները, «Beer Academia» գարեջրի գործարան-ռեստորանը, «Յանկի» փաբ-գարեջրատունը, «Karloff» չեխական գարեջրատուն-ռեստորանը, Հայաստանի խեցգետնակերների ֆեդերացիան, «BeerMania» գարեջրատուն-սրճարանը: Այս տարի առաջին անգամ փառատոնին մասնակցել են նաև «Ալավերդի» և «Դիլիջան» գարեջրի գործարանները, «Wild West» և «Barel» փաբ-գարեջրատները:
Մասնակից ընկերությունների ներկայացուցիչները նշել են, որ փառատոնը հիասքանչ հնարավորություն է մարդկանց և հատկապես զբոսաշրջիկներին ներկայացնելու հայկական գարեջրագործությունը, դրա լավագույն ավանդույթները և պատմությունը: Նրանք վստահեցրել են, որ մայրաքաղաքի հյուրերը հիացած են հայկական գարեջրի և բազմատեսակ խորտիկների համով:
Փառատոնի ընթացքում ներկաների համար կազմակերպվել են մի շարք հետաքրքիր մրցույթ-խաղեր. հնարավորինս արագ ըմպել, ըմպել ձողիկով, որոշել նրբերշիկի համը, արագորեն մաքրել գետնանուշը, արագորեն ուտել խեցգետին և այլն: Հաղթողներն արժանացել են Երևանի քաղաքապետարանի տուրիզմի բաժնի և մասնակից ընկերությունների անակնկալ նվերների:
Երեկոն ավելի հետաքրքիր է դարձրել հագեցած համերգային ծրագիրը: Կենդանի հնչողությամբ հանդես են եկել «Aleksandrapol» խումբը, DJ Leo-ն:
Միջոցառման ավարտին Երևաի գարեջրի 4-րդ փառատոնի բոլոր մասնակիցներին Երևանի քաղաքապետի կողմից տրվել են շնորհակալագրեր: