«Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ ամերիկացի համանախագահ Ռիչարդ Հոգլանդի ասածը պետք չէ հայտարարություն որակել, քանի որ հայտարարության համար նախևառաջ պետք էր գրավոր տեքստ՝ հաստատված  ՄԽ մյուս համանախագահների կողմից»,-այս մասին այսօր ԼՈւՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը:

Քաղաքագետի խոսքով՝ իմանալով, որ Հոգլանդին պետք է փոխարինի ուրիշ դիվանագետ՝ ասվածը պետք է հաստատվեր մյուս համանախագահների կողմից, հակառակ պարագայում՝ ստացվում է, որ Հոգլանդը պաշտոնաթողությունից առաջ ընդամենը որոշել է մի բան ասել ու գնալ: 

Հարցին՝ արդյոք Ռիչարդ Հոգլանդի կողմից ԼՂ հակամարտության կարգավորման 6 հիմնական կետերի հրապարակումը կարելի՞ է դիտարկել նաև Սերժ Սարգսյան-Վլադիմիր Պուտին հանդիպման համատեքսատում, Սերգեյ Շաքարյանցը պատասխանեց. «Ես այս երկու գործընթացների միջև որևէ զուգահեռ չէի անցկացնի: Ընդամենը ամերիկացիները ևս մեկ անգամ ցույց տվեցին իրենց քաղաքականության իրական երեսը: Ամերիկան շարունակում է հանդիսանալ Թուրքիայի և Ադրբեջանի հովանավորը և Ամերիկան իրականում երբեք էլ դա չի թաքցրել, չէ՞ որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ունի նավթային խոշոր ներդրումներ Բաքվում: Այս երկրում խոշոր փայաբաժիններ ունեն նաև ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաները՝  կոնգրեսականները և դիվանագետները, և, բնական է, որ նրանք չեն ցանկանա Ադրբեջանի հետ իրենց հարաբերությունները փչացնել»:

Մեր զրուցակցի համոզմամբ՝ Արցախի հարցում ԱՄՆ-ն և այլ խոշոր տերություններ առաջնորդվելու են իրենց քաղաքական և տնտեսական շահերով և պարզ է դառնում, թե ինչու են Արցախի հիմնահարցի լուծումն այսպես ձգձգում. «Ինչ է՝  ԱՄՆ-ն չի՞ կարող ջնջել, ոչնչնացնել  Ադրբեջանը ոչնչացնել. կարո՛ղ է, բայց չի անում և գիտենք՝ ինչու: Ամերիկացիների  և Թուրքիայի ուզածն է՝ տասնամյակներ շարունակ երկարաձգել Արցախի հարցը: Այնպես որ՝ այստեղ նոր բան չկա, ընդամենը  Մադրիդյան սկզբունքներում առկա որոշ կետեր փոխել են՝ ի վնաս հայերի, հօգուտ՝ Ադրբեջանի. օրինակ՝ հանրաքվեի հարցը, որը մադրիդյան փաստաթղթի մեջ երկրորդ կետն էր, հիմա օդի մեջ կախված է մնացել

Աղավնի Սուքիասյան