Այսօր կառավարությունն իր նիստում որոշում է կայացրել «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ընկերությունը հինգ տարով հավատարմագրային կառավարման հանձնելու «Տաշիր կապիտալ» ընկերությանը: «Տաշիր կապիտալ» ընկերությունը, ինչպես գիտենք, պատկանում է ռուսաստանահայ հայտնի գործարար Սամվել Կարապետյանին:
Ապացուցվում է այն, ինչի մասին շատերն էին խոսում՝ Ս. Կարապետյանը ցանկանում է իր ազդեցությունը տարածել Հայաստանի էներգահամակարգի բոլոր օղակների՝ արտադրության, հաղորդման-տրանսֆորմացման և բաշխման համակարգերի վրա: Կառավարության նման որոշումից հետո էլեկտրաէներգիա արտադրող մի քանի օբյեկտներից բացի, ՀՀ ամբողջ էներգետիկ համակարգը կանցնի Ս. Կարապետյանին պատկանող ընկերությունների համակարգման ներքո: Պետք է ենթադրել, որ «Բարձրավոլտ էլեկտրացանցերը» հավատարմագրման կառավարման վերցնելուց որոշ ժամանակ անց Ս. Կարապետյանը դա էլ կգնի, և մեր էներգետիկ ոլորտում մեծ մենաշնորհ կստեղծվի: Իսկ դա իր հերթին նշանակում է, որ Հայաստանը գնալով խրվում է Ռուսաստանի էներգետիկ ճիրանների մեջ: Եվ ՌԴ-ն է՛լ ավելի է ընդլայնում ՀՀ էներգետիկ համակարգի վրա իր ազդեցության լծակներն արտադրողից, բաշխողից մինչև ներկրող և արտահանող օղակները: Որևէ փորձ այդ ցանցից դուրս գալու, ակնհայտ է, որ դատապարտվում է ձախողման: Այս ամենը տեղի է ունենում էներգետիկ շուկայի, այսպես կոչված, ազատականացման ֆոնին: Կառավարության համար գաղտնիք չէ, որ Հայաստանն էներգետիկ անկախության խնդիր ունի, քանի որ էներգակիրների 90 %-ը ներմուծվում է: Մեր երկրում արտադրված էլեկտրաէներգիայի 15%-ն է արտադրվում ռուսական կապիտալով, իսկ մնացածը հիմնականում արտադրում են տեղական եւ անգամ արեւմտյան ընկերությունները: Այդուհանդերձ, վառելիքի շուկայում գերիշխում են ռուսական կապիտալով ընկերությունները: Ազատականացումը կբերի՞ Հայաստանի էներգետիկ կախվածության թուլացման եւ սակագների նվազման, թե՞ կուժեղացնի Տաշիրի եւ Գազպրոմի դիրքերը, Հայաստանն ավելի հեռացնելով էներգետիկ անկախությունից եւ մրցակցայնությունից:
Ստելլա Խաչատրյան