«Նարեկացի» արվեստի միությունը շարունակում է իր որդեգրած ազգանվեր գործունեությունը՝ բազմաթիվ միջոցառումների, ծրագրերի և նախագծերի միջոցով նպաստելով հայկական մշակույթի ժառանգության պահպանմանն ու զարգացմանը:

Միությունը մեծ պատասխանատվությամբ, արդեն 13 տարի՝ իր ուսերին է կրում հազարամյակների պատմություն ունեցող հայկական մշակույթի ծաղկեցմանն ուղղված արժանապատիվ գործը:

«Նարեկացի» արվեստի միությունը, չընդhատելով յուրաքանչյուր տարին հայ մեծանուն արվեստագետներից մեկին նվիրելու ավանդույթը, այս տարին նվիրել է հայ անվանի կոմպոզիտոր, քանոնահար, ՀՀ ժողովրդական արտիստ Խաչատուր Ավետիսյանին։

Սեպտեմբերի 5-ին՝ ժամը 19:00-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կնշվի «Նարեկացի» արվեստի միության 13-րդ տարեդարձը՝ նվիրված կոմպոզիտոր Խաչատուր Ավետիսյանին: 

Միջոցառումն իր ներկայությամբ կպատվի մեծանուն կոմպոզիտոր Խաչատուր Ավետիսյանի որդին՝ դիրիժոր Միքայել Ավետիսյանը, ով ներկայումս Գլենդելի ֆիլհարմոնիկ նվագախմբի (ԱՄՆ) գեղարվեստական ղեկավարն ու գլխավոր դիրիժորն է, ինչպես նաև «Բելֆրի» սիմֆոնիկ նվագախմբի և Լոս Անջելեսի հայ համայնքի երգչախմբի երաժշտական մասով տնօրենը:

Երեկոյի ընթացքում երաժշտական համարներով ելույթ կունենան ծրագրի ղեկավար և մենակատար Լուսինե Ազարյանը (սոպրանո), մենակատար Պողոս Եղիազարը (տենոր), մենակատար Սմբատ Խալաթյանը (ժողովրդական երգիչ), «Փարոս» կամերային երգչախումբը (գեղարվեստական ղեկավար՝ Րաֆֆի Միքայելյան), «Նարեկացի» ժողովրդական նվագարանների նվագախումբը (գեղարվեստական ղեկավար՝ Արտեմ Խաչատուր), «Նովա» ազգային նվագարանների համույթը (գեղարվեստական ղեկավար`Հովիկ Սահակյան), «Նժդեհ» ազգագրական պարի խումբը (գեղարվեստական ղեկավար` Գագիկ Գինոսյան): 

Անվանի արվեստագետների և տաղանդավոր երիտասարդների համախմբման միջոցով ՆԱՄ-ն իր առջև է դնում ազգային մշակույթի հարատև առաջընթացին նպաստելու վեհ առաքելությունը՝ շարունակելով կյանքի կոչել բազմաթիվ մեծամասշտաբ մշակութային նախագծեր և ծրագրեր: