Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ «Միսս Հայաստան ազգային գործակալություն» ՀԿ-ն դատական գործընթաց է սկսել ընդդեմ «Միսս Հայաստան 1998»-ի տիտղոսակիր, «Միսս Հայաստան 2017» մրցույթի կազմակերպիչ Գոհար Հարությունյանի՝ պահանջելով արգելել իրեն պատկանող ապրանքանշանի կիրառումն ու չեղյալ համարել սեպտեմբերի 24-ին նախատեսված մրցույթը։
ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում մրցույթի կազմակերպիչ Գոհար Հարությունյանի փաստաբան Արա Ղազարյանը նշեց, որ «Միսս Հայաստան 2017» մրցույթի անվանումը փոխվել է. այն վերանվանվել է Pan-Armenian Beauty Contest 2017:
Նրա խոսքով՝ «Միսս Հայաստան Ազգային գործակալություն» ՀԿ-ի պահանջով դատարանը ժամանակավոր արգելք է դրել «Միսս Հայաստան 2017», «Miss Armenia 2017» և «Միսս Արմենիա 2017» արտահայտությունների օգտագործման վրա։
«Դա ժամանակավոր արգելանքի վերաբերյալ որոշում էր: Մենք, հարգելով կազմակերպության իրավունքը, փոխել ենք մրցույթի անվանումը, քանի որ ապրանքանիշը պատկանում է այդ կազմակերպությանը: Սակայն մրցույթը չանցկացնելու մասին խոսք գնալ չի կարող, քանի որ գեղեցկության մրցույթը լիցենզավորված գործունեություն չէ, ցանկացած մեկը, ով ցանկանա, կարող է անցկացնել գեղեցկության մրցույթներ: Իսկ արգելանքը վերաբերվում է միայն մրցույթի անվանմանը»,- ասաց փաստաբանը՝ հավելելով, որ ամեն դեպքում՝ պետք չէր հարցին նման հնչեղություն տալ։
«Եթե հիմնադրամն ընդունում է, որ այդ ապրանքանիշը պատկանում է հայցվոր կազմակերպությանը, նշանակում է՝ վեճ չկա, և կարող են մրցույթը կազմակերպել այլ անունով, ինչն արվում է: Դատական գործը հիմնված է միայն Գոհար Հարությունյանի՝ մամուլի ասուլիսում արված մեկ արտահայտության վրա, բայց այլ բան կլիներ, եթե հիմնադրամն արդեն օգտագործած լիներ ապրանքանշանը»,- ասաց փաստաբանը՝ ավելացնելով, որ հիմնադրամը երբեք չի օգտագործել «Միսս Հայաստան» ապրանքանիշը և չի էլ պատրաստվում օգտագործել:
Արա Ղազարյանը ընդգծեց սակայն, որ դատարանի որոշումն անօրինական է, քանի որ դատարանը արգելք է դրել երեք արտահայտություններն օգտագործելու վրա, որոնցից մեկը «Միսս Արմենիա»-ն է, բայց դա անօրինական որոշում է, քանի որ «Արմենիա»-ն ապրանքանիշ չէ, որ նման խնդիր առաջանա»։
Նշենք, որ «Համահայկական գեղեցկության մրցույթ 2017» գեղեցկության մրցույթը տեղի կունենա սեպտեմբերի 24-ին, Երևանում:
Սոնա Հարությունյան