Սեպտեմբերի 1-ին ընդառաջ ՀՀ կառավարությունը տհաճ անակնկալ է նախապատրաստել դպրոցների համար: ՀՀ կրթության եւ գիտության, տարածքային կառավարման եւ զարգացման նախարարությունները երեկ ՀՀ կառավարությանն են ներկայացրել մի շարք դպրոցների խոշորացման վերաբերյալ որոշման նախագծեր:
Ասել է, թե 2017-2018 ուսումնական տարում շատ դպրոցներ պարզապես կփակվեն, եւ ուսուցչական կոլեկտիվը կդառնա գործազուրկ: Բայց այս պատմության մեջ ուշագրավն այն է, որ փակվող դպրոցների տնօրենները, բանից անտեղյակ, պատրաստվում են սեպտեմբերի 1-ին: Տպավորություն է, որ տնտեսական եւ ֆինանսական նպատակահարմարությունը դարձել է այս Կառավարության միակ գերակայությունը:
Սակայն, ֆինանսական նպատակահարմարությունը եւ տնտեսական հաշվարկները պետություն կառուցելիս, երբեմն վատ խորհրդատու են։ Եթե մենք առաջնորդվենք այդ սկզբունքներով, ապա ինքնուրույն պետություն պահելը կարող է ոչ նպատակահարմար լինել, ավելի նպաստավոր կլինի, եթե գաղութի կարգավիճակում լինենք, քանի որ մետրոպոլիան կհոգա բոլոր կարիքները, ինչպես դա խորհրդային տարիներին էր։
Բայց այդ ճանապարհը տանում է փակուղի։ Եթե անգամ ֆինանսական առումով դա ճիշտ քայլ է, ապա կրթության, մշակույթի առումով դա փակուղի է, քանի որ դպրոց փակելը նշանակում է փակել տվյալ գյուղը։
Առաջին հայացքից տարօրինակ է, որ պետական պաշտոնատար անձինք օպտիմալացում սկսելով հասարակությանը տեղյակ չեն պահում այդ բարեփոխում կոչվածի իրական պատճառների մասին: Ոչ ոք բարձրաձայն չի խոստովանում, որ սա ընդամենը սկզիբն է եւ յուրաքանչյուր տարի ավելի ու ավելի մեծ թվով ուսուցիչներ են դուրս թողնվելու դպրոցից: Որովհետեւ դպրոցն իմաստ ունի միմիայն աշակերտների գոյության դեպքում, իսկ աշակերտների թվի կտրուկ նվազման մասին, կարծում ենք, որ չեն խոսում այն պատճառով, որ եթե տասը տարի հետո 2.5 անգամ կրճատվում է 10-14 տարեկանների թիվը, ապա 15 տարի հետո նույնքան կկրճատվի նաեւ զինապարտության տարիքի տղաների քանակը: Իսկ դա արդեն երկրի անվտանգության ոլորտի խնդիր է, որի մասին մեր չինովնիկները գերադասում են պարզապես լռել: Սա միակ հարվածը չէ մեր կրթական համակարգին: Առաջիկա տարիներին կրճատվելու են պետբյուջեից կրթությանը հատկացվող գումարները։
Ըստ վերջերս հաստատված Կառավարության միջնաժամկետ ծախսերի ծրագրի՝ 2018-ին կրթությանը կհատկացվի ՀՆԱ-ի 2,19 տոկոսը, 2019-ին՝ 1,99 տոկոսը, իսկ 2020-ին՝ 1,85 տոկոսը։ Նշենք, որ այս տարի կրթությանն է հատկացվել ՀՆԱ-ի 2,39 տոկոսը։ Կրթության ոլորտին նման վերաբերմունքը եւս մեկ, գուցե լավագույն վկայությունն է, թե ինչ տեսլական ունի իշխող համակարգը Հայաստանի հանրային-պետական խնդիրների հանդեպ:
Թերուս, կաստավորված հանրությունը հեշտ կառավարելի է եւ ենթակա է քարոզչական ու «գաղափարական» մանիպուլյացիաների: Ազատ, ուսյալ քաղաքացիները խանգարում են իշխանության ծրագրերին, ընդդիմանում են դրանց:
Կարեն Կարապետյանը հաճախ է տարբեր դեպքերում հիշատակում Իսրայելը և այն դիտարկում որպես օրինակ, և եթե փորձենք այս դեպքում էլ համեմատել այդ երկրի ծախսած գումարները կրթության բնագավառում, հասկանալի կդառնա, որ Կարապետյանի ասածներն ուղղակի տեսական բնույթ են կրում: Համաշխարհային բանկի տվյալների համաձայն` Իսրայելը կրթության ոլորտում ծախսում է երկրի ՀՆԱ-ի մոտ 6%-ը` մոտ 3 անգամ ավել, քան պատրաստվում է ծախսել Հայաստանը: Դժվար է պատկերացնել, թե ինչպե՞ս է Կառավարությունը «լավ պետություն ունենալու» խոստումներով պատրաստվում «լավագույն կրթություն» տրամադրել իր քաղաքացիներին` տարեցտարի կրճատելով այդ ոլորտի ֆինանսավորումը:
Ստելլա Խաչատրյան