Ստեփանակերտի կենտրոնական զինվորական հոսպիտալում օգոստոսի 27-ին մահացած 26-ամյա պայմանագրային զինծառայող Արտակ Բիշարյանը Շիրակի մարզի Հոռոմ գյուղի բնակիչ էր:
Պայմանագրային զինծառայողը հակառակորդի կողմից ծանր վիրավորում էր ստացել օգոստոսի 23-ին և տեղափոխվել էր հիվանդանոց, սակայն նրա կյանքը փրկել այդպես էլ չհաջողվեց:
ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում Հոռոմի համայնքապետ Աշոտ Պասկևիչյանիխոսքով՝ զինծառայողն ապրում էր սոցիալապես շատ ծանր պայմաններում:
«Ապրում էր ծնողների, քրոջ և եղբոր հետ: Ինքը միջնեկն էր: Արտակը շատ լավ ընտանիքի զավակ էր: Գյուղատնտեսությամբ են զբաղվում, եղբայրը քննիչ է, ինքն էլ սպա էր: Սովորական գյուղացու նման ապրող ընտանիք են, իրենց քրտինքով վաստակող: Ինքն էլ հավասարակշռված, նախաձեռնող, աշխատասեր երիտասարդ էր»,- ասաց գյուղապետը:
Համայնքապետի փոխանցմամբ՝ Արտակն ավարտելով գյուղի դպրոցը՝ տեղափոխվել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտ, որից հետո մեկնել է ծառայության և արդեն 4 տարի ծառայում էր Արցախի զինված ուժերում:
Նշենք, որ Արցախի նախագահ Բակո Սահակյանը ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար ԼՂՀ պաշտպանության բանակի N զորամասի զինծառայող Արտակ Բիշարյանը հետմահու պարգեւատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։
Սոնա Հարությունյան