Այսօր Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում մեկնարկեց Սամվել Բաբայանի եւ մյուսների գործով հերթական դատական նիստը:
Դատական նիստի մեկնարկից հետո Սամվել Բաբայանի պաշտպանը միջնորդություն ներկայացրեց դատարան՝ իր պաշտպանյալի նկատմամբ կիրառվող՝ հարազատների հետ տեսակցելու արգելքը հանելու վերաբերյալ: Դատավոր Արշակ Վարդանյանը նշեց, որ տեսակցելու արգելքի հանման միջնորդությունը դատարանը կքննի այս դատական նիստի ավարտից հետո:
Դատավորը հարց ուղղեց Սամվել Բաաբյանին՝ արդյոք ինքն իրեն ճանաչում է մեղավոր և ընդունում է իրեն առաջադրված մեղադրանքը: Դատավորի հարցին ի պատասխան, Սամվել Բաբայանը նշեց. «Ես ինձ մեղավոր չեմ ճանաչում, ես պատասխանատում եմ իմ արած բոլոր քայլերի համար: Այն մեղադրանքը, որն առաջադրվել է ինձ, հորինված է, դա ենթադրությունների տեքստ է: Ով է զենք բերել, գնացեք զենք բերողին բռնեք: Ասում են Վրաստանից զենք ես բերել, հետո կարճում են՝ ասելով, որ այլ մարդ ա բերել: Վրաստանից զենք բերողին բերեք մենք էլ ճանաչենք: Ես էքսպերտ եմ պահանջում, որը պետք է ապացուցի, որ ես կապ եմ ունեցել այդ զենքի հետ»:
Հավելենք, որ ամբաստանյալներն իրենց առաջադրված մեղադրանքը չընդունեցին՝ հրաժարվելով դիրքորոշում հայտնել դրա վերաբերյալ:
Հիշեցնենք, որ Սամվել Բաբայանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա դրդել է մի խումբ անձանց` նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով ռազմամթերք հանդիսացող «Իգլա» տեսակի դյուրակիր զենիթահրթիռային համալիր ձեռք բերելուն, փոխադրելուն և պահելուն, ինչպես նաև փոխարկման արդյունքում ձեռք է բերել հանցավոր ճանապարհով ստացված գույք: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 38-235-րդ հոդվածի 2-րդ մասով և 190-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Նշենք, նաև, որ սույն գործով անցնող 7 մեղադրյալներից Սամվել Բաբայանը, Սանասար Գաբրիելյանը և Արմեն Պողոսյանը կալանավորված են, իսկ մյուսների նկատմամբ կիրառվել է ստորագրությունը՝ չհեռանալու մասին: