Վերջին շրջանում Հայաստանում ինտերնետ սպառողները բարձրաձայնում են այն մասին, որ դժվարություններ են ունենում անսահմանափակ արագությամբ ինտերնետ փաթեթներ ձեռք բերելու հարցում: Հայաստանյան օպերատորներն անհասկանալի պատճառներով սահմանափակել են նման փաթեթների տրամադրումը: Մինչդեռ պատճառներն այնքան էլ մշուշոտ չեն: Մեզ հասած տեղեկություններով՝ դժգոհ են նաև պրովայդերները, սակայն նրանց դժգոհությունը լուռ է, քանի որ նման փաթեթներ չտրամադրելու հրահանգը իջեցվել է անմիջապես Կապի և տրանսպորտի նախարարությունից: Կապի և տրանսպորտի նախարար Վահան Մարտիրոսյանին է պատկանում «Ռոստելեկոմ» ընկերությունը, որը մուտք գործելով հայաստանյան ինտերնետ շուկա, այդպես էլ չկարողացավ իր հաստատուն տեղը գտնել և ընդհանուր առմամբ՝ չի դիմանում մրցակցությանը մյուս օպերատորների հետ:
 
Փաստացի, փորձ է արվում տնտեսական մրցակցության հարթության վրա կիրառել քաղաքական ճնշման գործիքներ եւ ստանալ առավելություն՝ տնտեսական առումով: Դա, իհարկե, կաղճատի պատկերը, եւ, ըստ էության, ինովացիոն ոլորտն այլ ոլորտներից կտարբերվի միայն իր յուրահատուկ բնույթով, սակայն ամենևին՝ ո՛չ մշակույթով: Հայաստանի իշխանությունն այստեղ ունի այդ կարեւոր խնդիրը՝ թույլ չտալ, որ քաղաքականությունը միջամտի տնտեսական այդ մրցակցությանը եւ վարել կարգավորիչ այնպիսի քաղաքականություն, որը կարգելակի ոլորտի մոնոպոլացման կամ օլիգոպոլացման միտումները: Սակայն կառավարությունը չի շտապում նման քաղաքականություն որդեգրել: «Ռոստելեկոմ»-ի կորպորատիվ հաճախորդների թվում են բազմաթիվ խոշոր ձեռնարկություններ, բանկեր եւ ֆինանսական կառույցներ, ՀՀ կառավարությունը եւ պետական մարմիններ, հեռահաղորդակցության ընկերություններ եւ միջազգային խոշոր կազմակերպություններ: Եվ դա պատահական չէ: Ոչ միայն Վահան Մարտիրոսյանը, այլ նաև վարչապետ Կարեն Կարապետյանը «Ռոստելեկոմ»-ի հետ բազմաթիվ թելերով է կապված: Ավելի ճիշտ՝ կաբելներով: Իսկ նման կապերը, որպես կանոն, պարտավորեցնում են:
 
«Ռոստելեկոմ»-ը միակ օպերատորն է ՀՀ-ում, որ երկրի երկու սահմաններից չորս կապուղիով կապ է ապահովում, եւ եթե մի կապը խափանվի, մյուսները գոնե կգործեն։ Եվ դա թանկ ու կարեւոր հաճույք է կապի օպերատորների համար, որից օգտվում է թերեւս միայն «Ռոստելեկոմ»-ը։ Դա էլ ունի իր բացատրությունը: Հայաստանում բիզնեսի պոչերը հաճախ հասնում են օֆշորային գոտիներ։ Եթե ամբողջ բիզնեսն էլ օֆշորում գրանցված չէ, ապա որևէ կերպ կապ ունի օֆշորային ինչ-որ ընկերության հետ։ Այս առումով՝ ուշագրավ հանգամանք կարելի է առանձնացնել՝ այցելելով «Ռոստելեկոմ»-ի պաշտոնական կայք՝ հայկական և ռուսական։ Պարզվում է՝ հայկական «Ռոստելեկոմ»-ը, որը ղեկավարող ընկերությունը «Ջի էն Սի-ԱԼՖԱ» ՓԲԸ-ն է, գտնվում է Կիպրոսում գրանցված մի ընկերության կազմում։ «Ռոստելեկոմ»-ի ռուսական պաշտոնական կայքում «Ջի էն Սի-ԱԼՖԱ» ՓԲԸ-ի մասին գրված է, որ այն ընկերության հայաստանյան դուստր ձեռնարկությունն է և գտնվում է ROSTELECOM INTERNATIONAL LIMITED ընկերության կազմում։ Նույն կայքում այս ընկերության մասին պաշտոնական տեղեկատվությունից էլ պարզ է դառնում, որ այն գրանցված է Կիպրոսում և «Ռոստելեկոմ»-ի 100%-անոց բաժնետոմսերով դուստր ձեռնարկությունն է։ Տարօրինակ է այն, թե այդ ի՞նչ ընկերություն է գրանցվել Կիպրոսում, և ինչո՞ւ է այն տնօրինում միայն հայկական այս ընկերությանը՝ «Ջի էն Սի-ԱԼՖԱ»-ին, քանզի որևէ այլ ընկերության մասով ոչինչ նշված չէ։ Այսինքն՝ Կիպրոսում այդ ընկերությունը բացվել է հատուկ «Ռոստելեկոմ»-ի հայկական դուստր ձեռնարկությունը մեկ այլ դուստր ձեռնարկությամբ կառավարելու համար:
 
Ստելլա Խաչատրյան