Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ իսրայելական Aeronautics ընկերությունը ժամանակավոր սառեցրել է «կարեւոր հաճախորդին» 20 միլիոն դոլարի Orbiter K1 անօդաչու սարքերի խմբաքանակի մատակարարումը: Նշվում է, որ մատակարարումը պետք է իրականացվեր 2017-2018 թվականներին: 2016 թվականին այդ երկրի գնումները կազմել են ընկերության եկամուտների 20%-ը, իսկ 2015 թվականին՝ 18%-ը: Newsru.co.il-ը գրում է, որ Aeronautics-ի հաճախորդներից նկարագրությանը համապատասխանում է միայն Ադրբեջանը: Հիշեցնենք, որ հուլիսին Հայաստան էր ժամանել Իսրայելի տարածաշրջանային համագործակցության նախարարը, որը չէր թաքցնում Հայաստանի հետ ավելի սերտ հարաբերություններ հաստատելու մտադրությունները: Հայաստանը, սակայն, ինչ-ինչ պատճառներով, առանձնապես ոգեւորություն չի ցուցաբերել այդ հարցում: Հնարավոր է՝ խոսք է գնացել Ադրբեջանին իսրայելական զենքի վաճառքի մասին: Եթե իսրայելական ընկերությունը դադարեցրել է դրոնների մատակարարումը, ապա, հնարավոր է՝ Իսրայելը փորձում է վերացնել Հայաստանի հետ համագործակցության ճանապարհին խոչընդոտը:
Ադրբեջանի կողմից նորագույն զինտեխնիկայի գնումները դեռևս հաղթանակի երաշխիք չեն. կարևորը մարտական գործողությունների ճիշտ կազմակերպումն է, որին ՀՀ ԶՈՒ-ն տիրապետում է փայլուն կերպով: Ադրբեջանի սպառազինությունում թեև առյուծի բաժինը ռուսական զենքինն է, բայց կա նաեւ տարբեր այլ երկրներից գնված զենք: Սակայն կա այդ զենքի սպասարկման, օգտագործման հարց, կան տեխնիկական նրբություններ, որոնց ադրբեջանական կողմը չի տիրապետում և դժվար է ասել, թե որքանով է Ադրբեջանը պատրաստ այդ զենքերն օգտագործել ըստ նշանակության: Նորագույն տեխնիկայի գնումները դեռևս հաղթանակի երաշխիք չեն: Արցախյան պատերազմի առաջին փուլում ադրբեջանցին զինված էր տանկերով, իսկ մենք ընդամենը ավտոմատ ունեինք, և արդյունքը պարզ տեսանք: Եվ չնայած այս տագնապալից ազդանշաններին, Իլհամ Ալիևը շարունակում է խոսել Արցախյան հակամարտության ռազմական լուծման մասին: Նա դեռևս հույսե՞ր է կապում իր բանակի հետ: Այդ դեպքում՝ նա ավելի լավ է՝ ականջ դնի միջազգային փորձագետներին, որոնց գնահատականները միանշանակ վկայում են. ադրբեջանական բանակն այդպես էլ բանակ չի դարձել: Իսրայելից վերջին շրջանում հաճախակի են դարձել հայտարարություններն այն մասին, որ Իսրայելը կարող է նաև Հայաստանին զենք վաճառել, այն էլ՝ բավականին լավ պայմաններով: Նախ՝ ակնհայտ է, որ Ադրբեջանին նման սպառազինություն վաճառելու համատեքստում Հայաստանում Իսրայելի նկատմամբ ձևավորվել է ոչ նպաստավոր ֆոն, ինչն օբյեկտիվորեն հասկանալի է։ Այս տեսանկյունից՝ քարոզչական դաշտում փորձ է կատարվում լուծելու այդ ֆոնի որոշակի փոփոխության խնդիր։ Երկրորդ հարթությունը, ըստ ամենայնի, նպատակ ունի խթանել տրամադրությունները Հայաստանում, որպեսզի Հայաստանը ևս, մտնելով սպառազինությունների մրցավազքի մեջ, սկսի ձեռք բերել իսրայելական զենք և զինամթերք։
Իսրայելը պետք է հասկանա, որ Հարավային Կովկասում Հայաստանն ամենակայուն, ամենահեռանկարային երկիրն է։ Հետևաբար՝ Հայաստանի թշնամական երկրների հետ սիրախաղեր անելը Հայաստանում չի կարող ընդունվել ուրախությամբ։ Եվ հայկական դիրքորոշումներն էլ ազդում են Իսրայելի ներսում տրամադրությունների վրա, ինչի ապացույցն են վերջին զարգացումները:
Ստելլա Խաչատրյան