Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործություների քննության բաժնում պարզվել է մարտի 3-ին Երևանում տեղի ունեցած վրաերթ-վթարի հետևանքով մահացած քաղաքացու ինքնությունը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի հետևանքով մահացածը Երևան քաղաքի Նոր Արեշի 41-րդ փողոցի բնակիչ, 50-ամյա Ավետիս Արզումանյանն էր, ով վրաերթի էր ենթարկվել «Կռայսլեր» մակնիշի ավտոմեքենայի կողմից և հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ոստիկանության քննչական վարչության Երևանի քննչական վարչության Ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչ Արթուր Գասոյանի կողմից մարտի 3-ին, հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ Քր. Օր.-ի 242 հոդվածի 2-րդ մասի (Ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) հատկանիշներով:

Ֆոտոլրագրողը հայտնել էր, որ նշված քրեական գործը հարուցվել է Երևանի Տիգրան Մեծի պողոտայի թիվ 76 շենքի դիմաց տեղի ունեցած ավտովթար-վրաերթի փաստով:

Ֆոտոլրագրողը հայտնել էր, որ բախվել էին Արցախի փողոցի բնակիչ 27-ամյա Արման Վարդանյանի վարած «Բենթլի» մակնիշի՝ 77 RA 777, Կոտայքի մարզի Բյուրեղավան քաղաքի բնակիչ 31-ամյա Անդրանիկ Հայրապետյանի վարած «Նիսան Մաքսիմա» մակնիշի՝ 27 ՕՕ 376 և Երևան քաղաքի Խաղաղ Դոնի փողոցի բնակիչ 22-ամյա Վռամ Բաղդասարյանի վարած «Կռայսլեր» մակնիշի՝ 80 QO 777 համարանիշի ավտոմքենաները:

Վթարի արդյունքում «Կռայսլեր» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի էր ենթարկել անձը չպարզված 50-55 տարեկան տղամարդու:

Ֆոտոլրագրողը հայտնել էր, որ վրաերթի ենթարկվածը «Էրեբունի» բժշկական կենտրոն տեղափոխվելու ճանապարհին մահացել էր:

Դեպքի վայր էին ժամանել Երևանի Ճանապարհային ոստիկանության մեծ թվով աշխատակիցներ՝ Երևանի ՃՈ պետ Արսեն Արշակյանի գլխավորությամբ:

Ժամանել էր նաև Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության Ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի պետի տեղակալ Կարեն Ստեփանյանը:

Մինչ ոստիկանների ժամանումը ինչ-որ երիտասարդներ «Բենթլի»-ի վրայից հանել էին համարանիշները:
Ֆոտոլրագրողը հայտնել էր, որ «Բենթլի»-ն պատկանում է հեղինակություն համարվող Վստրեչի Ապերի եղբոր տղային, ով էլ եղել էր ղեկին:

Քննիչի հանձնարարականով, ավտոմեքենաները տեղափոխվել էին Երևանի ՃՈ հատուկ պահպանվող տարածք:
Ոստիկանությունը ձեռնարկել էր օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ միջոցառումներ՝ պարզելու վրաերթի ենթարկվածի ինքնությունը:

Լուսանկարը և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի