Ս. Սարգսյանի անվան համազգային թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանն այսուհետև կտնօրինի Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնը: Այս մասին օգոստոսի 30-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը:

«Համազգային թատրոնում Վարդան Մկրտչյանի կատարած աշխատանքը բարձր գնահատականի է արժանի: Համոզված եմ, որ, նշանակվելով Մայր թատրոնի տնօրեն, նա մեծ պատասխանատվություն կստանձնի և իր բոլոր կարողությունները, գիտելիքները, ունակությունները, կապերն ու հնարավորությունները կօգտագործի ի շահ թատրոնի առաջխաղացման, զարգացման, ֆինանսատնտեսական ցուցանիշների բարելավման»,- նշեց նախարարը:

Վարդան Մկրտչյանն ասաց, որ իրեն շատերն են շնորհավորում ու մաղթում, որ «բարով վայելի»: «Ես չեմ հասկանում, թե դա ինչ է նշանակում, քանի որ ուսերիս մեծ պատասխանատվություն եմ վերցնում: Ցանկանում եմ, որ թատրոնը շարունակի քայլել իր վաստակած փառքով և դառնա հանրապետության թատերական այցեքարտը ողջ աշխարհում: Դրան հասնելու համար մեծ աշխատանք է պետք, ինչից մենք չենք խորշում»,-ընդգծեց նորանշանակ տնօրենը:

Մկրտչյանը շեշտեց, որ ցանկացած կառավարում և ղեկավարում ելնում է նախևառաջ գեղարվեստական ծրագրից: «Արմեն Էլբակյանի հետ ճշտել ենք առաջիկա անելիքները. ես լիովին կիսում եմ նրա գաղափարները: Նշեմ, որ հզորացնելու ենք թատրոն-հասարակություն կապը: Հանդիպել ենք ՀՀ պաշտպանության նախարարի հետ ու որոշել, որ այս թատերաշրջանում վաճառված յուրաքանչյուր տոմսի տասը տոկոսը տրամադրվելու է հայոց բանակին»,- ընդգծեց նա:

Մայր թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Էլբակյանի խոսքով` թատրոնն աշխարհի փոքր մոդելն է, և դրա հիմնական նպատակը գաղափարական, տեխնիկական և այլ լուծումները գեղարվեստական ստեղծագործությանը ծառայեցնելն է: «Վարդան Մկրտչյանը երիտասարդ, գործունյա տնօրեն է, որը կօգնի իրականացնել այդ ամենը և չկորցնել ժամանակի զարկերակը»,-ասաց Էլբակյանը:

 Անդրադառնալով թատրոնի առաջիկա ծրագրերին` գեղարվեստական ղեկավարը շեշտեց, որ շուտով հանդիսատեսի դատին կհանձնեն «Մեծապատիվ մուրացկանները», «Հարսնացուն հյուսիսից» ներկայացումները: Կլինեն միջոցառումներ նվիրված Վարդան Աճեմյանի, Առնո Բաբաջանյանի, Ժորա Հարությունյանի հիշատակին: Նա հավելեց, որ համագործակցելու են նաև արտերկրից հրավիրված երիտասարդ ռեժիսորների հետ:

Հանդիպման ավարտին Արմեն Ամիրյանը շնորհակալություն հայտնեց թատրոնի նախկին տնօրեն Ստեփան Դավթյանին իր կյանքի երկարուձիգ տարիները թատրոնի բարգավաճմանն ուղղելու համար: