Հյուսիս-հարավ մայրուղին Հայաստանի համար դանդաղ, բայց հաստատուն ընթացքով դառնում է մի մեծ փորձանք: Տարիներ առաջ պաշտոնյաները ոգևորությամբ էին խոսում այդ մայրուղու շինարարության անհրաժեշտության, հեռանկարների, տնտեսության վրա ահռելի դրական ազդեցության մասին: Այդ ամենի վերաբերյալ կասկած հայտնողները ընկալվում էին գրեթե որպես ազգի թշնամի, տնտեսությունից բան չհասկացող, համաշխարհային տենդենցներից հեռու մարդիկ:

Հայաստանում Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) մոնիտորինգի կազմակերպությունների աշխատանքային խմբի ղեկավար Սիլվա Ադամյանը Tert.am-ի հետ զրույցում հայտարարել է, որ 2009 թվականից հետևում են ծրագրի ընթացքին, եկել են այն եզրակացության, որ Հայաստանում «Հյուսիս-հարավ» ծրագիրն իրագործվելու շանսեր չունի։ Մասնագետների գնահատմամբ՝ առայժմ պատրաստ է շինաշխատանքների տեսանկյունից ամենահեշտ ու մատչելի հատվածը: Այսինքն՝ ապագայում պահանջվելու է ավելի շատ փող, քան ծախսվել է մինչ օրս:

Անցած տարվա ընթացքում ծրագրի իրականացման համար կառավարությունը տարբեր վարկեր է վերցրել Եվրասիական, Եվրոպական և Ասիական զարգացման բանկերից, հիշեցնենք, ամբողջական ծրագիրը գնահատվում է շուրջ մեկ միլիարդ դոլար, արդեն վեց տարի է ինչ ծրագրի մեկնարկը տրված է, սակայն 556 կմ ճանապարհից դեռ 10 տոկոսն էլ չի կառուցվել: Այդ վարկերն ու դրանց տոկոսները մնալու է մեր ժողովրդի ուսին, և մենք պետք է դրանք փակենք, դա ընդունելի կլիներ այն պարագայում, եթե ճանապարհը պատրաստ լիներ, եթե մեր երկիրը դրանից օգուտ տեսներ, եթե կարողանայինք մի լուրջ ճանապարհ ունենայինք, որը կկապի մեր երկրի հյուսիսն ու հարավը և նոր հնարավորություններ կստեղծի մեզ համար, բայց այս պարագայում մենք չունենք ոչինչ, մենք կառուցել ենք ինչ-որ 80 կմ ճանապարհ և էսպես մեծ շուքով ասում ենք՝ տեսեք, էսքանը կառուցել ենք: Թե՛ խորհրդարանում, թե՛ ԶԼՄ-ներում բազմաթիվ անգամ է բարձրաձայնվել միջոցների անարդյունավետ օգտագործման և ծրագրում առկա կոռուպցիոն ռիսկերի մասին, ծրագրում խնդիրներ ու չարաշահումներ էր հայտնաբերել նաև Վերահսկիչ պալատը. իրականում այստեղ խնդիրը միջոցների անարդյունավետ օգտագործումն է:

Առաջիկայում, երբ սկսվի կառուցվել ճանապարհի առավել բարդ հատվածները, մասնավորապես՝ Զանգեզուրի թռիչքաձև կամուրջները, որոնք ամենաբարդ ինժիներական կառուցվածք ունեցող կամուրջներից են, թունելներ պետք է կառուցվեն, որոնք ևս ծախսատար են: Դա նշանակում է, որ Հայաստանը նորից պետք է մտնի լրացուցիչ պարտավորությունների տակ, ավելացնի արտաքին պարտքը՝ չունենալով և չտալով որևէ երաշխիք, որ այդ ճանապարհն իր տնտեսական արդյունավետությամբ կարդարացնի իրականացված ծախսերը:

Ակնհայտ է` Հյուսիս-Հարավ ավտոմայրուղին հնարավոր չէ ավարտել 2019 թվականին, և դրա կառուցման համար 900 միլիոն դոլարը բավարար չէ: Այնպես որ, ամենայն հավանականությամբ, այդ ճանապարհը կհամալրի Գյուլնազ տատի հեքիաթներ դարձած մի շարք այլ նախագծերի շարքը: Միայն թե, ասենք` Դիլիջանը տարածաշրջանային ֆինանսական կենտրոն դարձնելու, Գյումրին տեխնոքաղաք սարքելու կամ Իրան-Հայաստան երկաթգծի ծրագրերի վրա շատ ավելի քիչ ռեսուրսներ են վատնվել, քան Հյուսիս-Հարավ ճանապարհի շինարարության վրա:

 

Ստելլա Խաչատրյան