Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ վարորդ Հրաչյա Հարությունյանի ազատազրկման կիսաբաց ռեժիմը փոխարինվել է բաց ռեժիմով: Նա կարող է գնալ տուն, աշխատանքի: Նրան տեղափոխել են «Նուբարաշեն» ՔԿՀ-ի հարակից շենք: ԼՈւՐԵՐ.com-ին հաջողվել է զրուցել Հրաչյա Հարությունյանի հետ:
«Շատ ուրախ եմ: Մերոնք շատ լավ դիմավորեցին, ընդունեցին, գոհ ու շնորհակալ եմ մեծից փոքրին: Այստեղ շատ լավ է: Ոչինչ չեմ ուզում հիշել, կարևորն՝ ամեն ինչ անցավ: Թող ոչ մեկի հետ նման բան չպատահի»,- մեզ հետ զրույցում ասաց Հարությունյանը:
Անդրադառնալով իր առողջական խնդիրներին՝ Հրաչյա Հարությունյանը նշեց, որ քրեակատարողական հիմնարկում բժիշկները զննել են իրեն և ասել, որպեսզի դիմի հիվանդանոց՝ բուժում ստանալու համար. «Սրտիս ու ողնաշարիս հետ կապված խնդիրներ ունեմ: Թևատակիս ուռուցք կա, չգիտեմ էլ՝ թե ինչ ուռուցք է: Բժիշկներն եկան- ասացին, որ պետք է հիվանդանոց գնամ: Ողնաշարի երեք ճողվածք ունեմ, երբ արդեն կարողանամ տուն գնալ, կգնամ հիվանդանոց, նորմալ բուժումներ կանցնեմ, անհրաժեշտության դեպքում՝ նաև կվիրահատվեմ»,- ասաց նա:
Հարցին՝ արդեն հանդիպե՞լ է ընտանիքի անդամներին Հրաչյա Հարությունյանը պատասխանեց.
«Իմ գալու հաջորդ օրը հայրս, կինս, աղջիկս, թոռս եկան տեսակցության: Հիմա, քանի որ արդեն կարող եմ տուն գնալ, բոլորին էլ կկարողանամ տեսնել»:
Թե ինչ աշխատանքով կզբաղվի, Հարությունյանը դժվարացավ ասել, քանի որ առողջական խնդիրներ ունի և չգիտի, թե ինչ աշխատանք կկարողանա կատարել:
Նշենք, որ Հրաչյա Հարությունյանը մինչև պատժի կրման ավարտը կկարողանա առավոտյան 08:00-ին դուրս գալ ՔԿՀ-ից և հսկվող գոտի վերադառնալ երեկոյան 20:00-ին:
Հիշեցնենք, որ Հրաչյա Հարությունյանը ՌԴ Պոդոլսկի շրջանում ԿԱՄԱԶ մակնիշի մեքենայով բախվել էր մարդատար ավտոբուսին, ինչի հետևանքով 18 մարդ էր զոհվել:
Ռուսաստանի Դաշնությունում դատապարտված Հարությունյանը հուլիսի 20-ին տեղափոխվել է ՀՀ՝ «Դատապարտյալների փոխանցման մասին» 1983թ. եվրոպական կոնվենցիայով սահմանված կարգով պատժի մնացած մասը կրելու համար:
Նա մեղավոր էր ճանաչվել ՌԴ օրենսգրքի 264 (ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման խախտման) և 327 (կեղծ փաստաթղթերի պատրաստում) հոդվածներով:
ՌԴ-ում նա դատապարտվել էր 6 տարի 9 ամիս ժամկետով ազատազրկման: Պատժի մնացած մասը՝ 2 տարի 8 ամիսը, կկրի Հայաստանում՝ բաց ռեժիմով: Սա ենթադրում է, որ նա ցերեկները կարող է աշխատել, տուն գնալ, ապրել ինչպես ազատ մարդը, բայց արդեն երեկոյան պիտի վերադառնա պատժի կրման վայր, այս դեպքում՝ «Նուբարաշեն» ՔԿՀ-ին հարակից շենք:
Սոնա Հարությունյան