Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը Չինաստան կատարած այցի շրջանակում հանդիպել է իր պաշտոնակցին, քննարկել երկկողմ հարաբերության հեռանկարը: Ռուսական Սպուտնիկ գործակալության հայկական ծառայությունը Վիգեն Սարգսյանի այցի կապակցությամբ հրապարակել էր տեղեկություն, առանց պաշտոնական հղման, որ այցի նպատակն է ձեռք բերել Ադրբեջանի հարվածային անօդաչուների հակազդման միջոցներ: Սա նշանակում է, որ Չինաստանը ցանկություն ունի ընդլայնելու երկկողմ համագործակցության ռազմական բաղադրիչը, ինչը միանշանակ բխում է նաև Հայաստանի շահերից:
 
Չինաստանը սկսել է ավելի տեսանելի քայլերով ցույց տալ Հարավային Կովկասում ունեցած իր հետաքրքրությունները, և դրա վառ դրսևորումը, թերևս, Հայաստանում ԱՄՆ դեսպանատան հարևանությամբ մեծ դեսպանատուն կառուցելու նախաձեռնությունն է: Հասկանալի է, որ եթե նման մեծ դեսպանատուն է կառուցում, այնտեղ փոքրաթիվ աշխատակազմ չի պահելու: Բնականաբար, կընդլայնի իր դիվանագիտական կորպուսը՝ կավելացնի իր դիվանագետների թիվը, ռազմական կցորդի գրասենյակը կընդլայնի, առևտրային ներկայացուցչություն և տնտեսական մեծ թիմ կունենա և այլն: Սա նշանակում է, որ Չինաստանն այս տարածաշրջանում իր ազդեցությունն է ցանկանում ուժեղացնել և դա ուզում է անել հենց Հայաստանի միջոցով:
 
Չմոռանանք, որ Սերժ Սարգսյանի Չինաստան կատարած պետական այցի առանցքային խնդիրներից մեկը եղել է արտոնյալ պայմաններով սպառազինության մատակարարումը: Հայաստանի համար դա իրապես լրջագույն խնդիր է դարձել այն բանից հետո, երբ Ռուսաստանն Ադրբեջանին օժտել է Հայաստանի հանդեպ զինանոցի զգալի առավելությամբ: Հայաստանին Ռուսաստանը ժամանակակից սպառազինությունը պատրաստ է մատակարարել միայն շուկայական գնով, ինչի հնարավորությունը Հայաստանը, բնականաբար, չունի: Չինաստանը զենքի համաշխարհային առեւտրում երրորդ տեղում է արտահանումների ծավալով՝ ԱՄՆ-ից ու Ռուսաստանից հետո: Շատ բան՝ իհարկե, կախված է լինելու նրանից, թե հայկական կողմն ինչքանով ունակ կլինի ռուսական գերազդեցությունից «պաշտպանել» անվտանգության այլընտրանքների ուղղությամբ աշխատանքի իր իրավունքը: Հատկանշական է, որ Չինաստանից առաջ Սերժ Սարգսյանը Ռուսաստանին հիշեցրեց Ադրբեջանին վաճառվող զենքի մասին: Չի բացառվում, որ դրանով նաեւ Սարգսյանը փորձում էր իր համար նախապատրաստել Չինաստանի հետ բանակցության բարոյա-քաղաքական հող: Հայաստան-Չինաստան հարաբերությունների զարգացումը միանշանակ Հայաստանի օգտին է, ինչը թույլ կտա չինական ռազմական պոտենցիալից օգուտներ քաղել: Չմոռանանք, որ ամեն տարի Չինաստանում ռազմական կրթություն են ստանում ու կատարելագործվում մեծ թվով հայ սպաներ և այդ տեսանկյունից, չինական ռազմական ակադեմիան աշխարհում լավագույն դարբնոցներից է:
 
Չինաստանի անհատույց ռազմական օգնությունը տարեկան կկազմի 1.5 մլն $՝ նախկին 850 հազարի փոխարեն: Կան տարբեր մեկնաբանություններ նաև այն հարցի շուրջ, թե ինչու է ավելացել այդ օգնության չափը: Տարեկան այն կկազմի 1.5 մլն $՝ նախկին 850 հազարի փոխարեն: Պատճառները հետևյալն են. Չինաստանին ձեռնտու չէ ուժեղ թուրքական ազդեցությունը տարածաշրջանում: Օգնում են նրանց, ովքեր ապացուցում են, որ այդ օգնությունը նպատակին է ծառայում: Ապրիլին հայկական բանակը ցույց տվեց, որ պանթյուրքիզմի կոկորդին բավական ամուր ոսկոր կա:
 
Տարածաշրջանում Ադրբեջանը խաղից դուրս է հանվում, և դա Չինաստանի ցանկությունն է: Չինաստանին ձեռնտու չէ, որ Ադրբեջանի տարածքը վերահսկվում է ԱՄՆ-ի եւ Իսրայելի հատուկ ծառայությունների կողմից: Հայաստանը նաեւ զգուշացվել է, որ Իսրայելի հետ հարաբերությունների խորացումը կբարդացնի հայ-ադրբեջանական հակամարտության իրավիճակը: Այսպիսով, Չինաստան-Իրան համագործակցությունը բխում է Հայաստանի շահերից, քանի որ նման համագործակցությունը բացառում է այս տարածաշրջանում պատերազմ սկսելու հավանականությունը:
 
Ստելլա Խաչատրյան