«Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի հայաստանյան պատվիրակության ղեկավար Արմեն Աշոտյանը և պատվիրակության անդամ Մանե Թանդիլյանը կմասնակցեն սեպտեմբերի 22-ին Բաքվում կայանալիք սոցիալական, կրթության, մշակույթի և քաղաքացիական հասարակության հարցերի հանձնաժողովի կողմից կազմակերպված համաժողովին:
Ի՞նչ պատվիրակություն է մեկնելու Հայաստանից, ի՞նչ հարցեր են բարձրացվելու, այս և այլ հարցերի շուրջ ԼՈւՐԵՐ.com-ի թղթակիցը զրուցեց ԱԺ ԵԼՔ խմբակցության անդամ Մանե Թանդիլյանի հետ:
Նա նշեց, որ պատվիրակությունը կազմված է «Եվրանեսթ» ԽՎ-ի Հայաստանյան պատվիրակության անդամներից, ովքեր հանդես են գալու զեկույցով. «Զեկույցը լինելու է կանանց առողջության և գենդերային հավասարության խթանման վերաբերյալ: Այս պահին աշխատում ենք զեկույցի վրա»,- ասաց նա:
Հարցին՝ արդյոք Բաքվում խոսելո՞ւ են Արցախյան հարցի մասին և չե՞ն վախենա այնտեղ բարձրաձայնել այդ մասին, Թանդիլյանը պատասխանեց.
«Որևէ հարցի շուրջ որևէ տեղ խոսելու անհանգստություններ ու վախեր երբևէ չեմ ունեցել և չունեմ, ներառյալ՝ Արցախի խնդրի մասին՝ Բաքվում: Սակայն, համաժողովը թեմատիկ է և զեկույցն էլ, հետևաբար, ունենալու է թեմատիկ ուղղվածություն: Միևնույն ժամանակ՝ հայկական պատվիրակությունները միշտ էլ պատրաստ են եղել խոսելու և բարձրաձայնելու տեղին հարցեր, որքան էլ դրանք ցանկալի չլինեն տվյալ միջավայրում»:
Թանդիլյանը կարևոր է համարում Հայաստանի մասնակցությունը և պատշաճ ներկայացվածությունը միջազգային կառույցներում. «Կուզենայի արտառոց չհամարվեր հայկական պատվիրակությունների մասնակցությունը որևէ միջազգային հարթակում՝ անկախ դրա աշխարհագրությունից: Հայաստան պետության շահերից է բխում լինել մասնակցային և օգտագործել յուրաքանչյուր հնարավորություն՝ միջազգային հանրության հետ շփվելու և կապերն ամրապնդելու համար»:
Սոնա Հարությունյան