Պատասխանատու անձինք ջանասիրաբար աշխատում են, որպեսզի ԵՄ-Հայաստան նոր համաձայնագրի ստորագրումն իրականություն դառնա նոյեմբերին կայանալիք Արեւելյան գործընկերության գագաթնաժողովի ընթացքում:
 
Այս մասին Հայաստանում Erasmus+Youth տեղեկատվական կենտրոնի բացմանը նվիրված ասուլիսի շրջանակում ասաց Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին:
 
«Եվրոպական միությունը «և՛ թուղթը, և՛ թանաքը» պատրաստում է Հայաստանի և Եվրոպական միության միջև նոյեմբերին նախատեսված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը ստորագրելու համար: Ես նոր եմ վերադարձել Բրյուսելից՝ առավոտյան ժամը 5-ին իջել եմ Երեւան եւ պետք է ասեմ, որ իմ բոլոր զրույցներն այն մարդկանց հետ, ում հետ հանդիպել եմ Բրյուսելում, ովքեր պատասխանատու են համաձայնագիրը ստորագրելու համար անհրաժեշտ հարցերը նախապատրաստելու հարցում, փաստում են, որ ամեն ինչ իր հունով առաջ է շարժվում: Մեր՝ ԵՄ-ի կողմից, մենք անհրաժեշտ ամեն ինչ պատրաստում ենք նոր համաձայնագիրը նոյեմբերին ստորագրելու համար»,- ասաց Պյոտր Սվիտալսկին:
 
Սրանով իսկ ԵՄ դեսպանը ակնարկում է, որ ԵՄ իր կողմից ամեն բան արել է փաստաթղթի ստորագրման համար, այժմ իր խոսքը պետք է ասեն հայաստանյան իշխանությունները, որոնք կարծես թե կրկին կամուկացի մեջ են հայտնվել եվրոասոցացման ճանապարհին:
 
Եթե անգամ բարի կամքի դրսևորման մակարդակի փաստաթուղթ չպետք է կարողանանք ստորագրել, ուրեմն դրանով փաստում ենք, որ մեր երկիրն ինքնիշխանությունը կորցրել է վերջնականապես ու ստորագրել իր կապիտուլյացիայի ակտի տակ: Դժվար է անգամ կռահել, թե հիմա ի՞նչ պատճառաբանություն է բերվելու, եթե ի սկզբանե գիտեին, որ ստորագրել չենք կարողանալու, մանավանդ, տառապանքներս փորձ ունի, այդ պարագայում՝ ինչու՞ նախաձեռնեցին այս անգամ, ինչ եղել էր, եղել էր 2013-ին:
 
Իրավիճակն արմատապես տարբերվում է: Արմատապես՝ այն առումով, որ բավականին էական գործոններ կան տարբերվող իրավիճակների: 2013 թվականի պայմանագիրը բանակցված էր, բայց նախաստորագրված չէր, իսկ այժմ այն նաեւ նախաստորագրված է, երկրորդ խոշոր տարբերությունն այն է, որ 2013 թվականին Ռուսաստանը չափազանց մեծ հետաքրքրություն ուներ ոչնչացնել Արեւելյան գործընկերությունը, հարված հասցնել ու տապալել, մանավանդ, որ կար նաեւ զուգահեռ մեկնարկող Եվրասիական տնտեսական միությունը, եւ ՌԴ պարզապես չէր կարող թույլ տալ, որ, այսպես ասած, իր ճամբարի հաշվին երկրներ գնան Եվրամիության դաշտ: Վլադիմիր Պուտինը նույնպես կարող էր ունենալ շահագրգռություն՝ հատկապես Արեւմուտքի պատժամիջոցների խստացման եւ պահպանման խորապատկերին, թերեւս, նրան կարող է չմտահոգել այդ պայմանագրի բովանդակությունը, ի դեպ, այդ բովանդակությունն էլ տարբերություններից մեկն է 2013-ի եւ 2017-ի, որովհետեւ այն ժամանակ, իսկապես, մենք խորը եւ համապարփակ զուտ առեւտրի պայմանագրով միանում էինք Եվրոպական միության մաքսային գոտուն, ինչը հակասության մեջ էր ԵՏՄ-ի մաքսային գոտուն միանալու հետ, եւ այս կտրվածքով Ռուսաստանը համարում էր, որ ինքը հսկայական տարածքներ է կորցնում ի դեմս Ռուսաստանի, Ուկրաինայի, Մոլդովայի եւ Վրաստանի:
 
Այժմ, երբ ինքը չի կարողացել կանխել ո՛չ Ուկրաինայի, ո՛չ Մոլդովայի, ո՛չ Վրաստանի ընթացքը, թերեւս, Հայաստանին հետ պահելով ավելի ցածր կարեւորության պայմանագիր ստորագրելուց, ինքն ուղղակի ծիծաղ կշարժի, որովհետեւ Հայաստանն Արեւելյան գործընկերության առաջատարներից չէ, եւ Հայաստանի միջոցով Արեւելյան գործընկերությանը հարված հասցնել, այն էլ` մեծ, հնարավոր չէ: Ստացվում է ԵՄ վերջին անգամ դեսպանի շուրթերով նախազգուշացրեց՝ այլևս իրեն «քցելու» պատճառներ հայաստանյան իշխանությունները չպետք է, որ ունենան:
 
Ստելլա Խաչատրյան