Կառավարությունն այսօրվա նիստում երեք տարի ժամկետով հետաձգեց «Լիդիան Արմենիա» ընկերության ապրանքների ներմուծման դեպքում մաքսային և հարկային մարմինների կողմից հաշվարկված ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը:
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը նշեց, որ այս որոշմամբ՝ գործադիրի՝ օգոստոսի 10-ին տրված արտոնություններն ընդլայնվում են՝ 23.4 մլրդ դրամից դառնալով մոտ 27.7 մլրդ դրամ:
«Սարքավորումների ներմուծումը կատարվում է փուլերով, և առաջին փուլով ներմուծվող սարքավորումների համար նախատեսված գումարը կազմել է մոտ 23,4 մլրդ դրամ, այժմ ընկերությունը նախատեսում է երկրորդ փուլով սարքավորումներ ներմուծել շուրջ 4,2 մլրդ դրամի չափով»,- ասաց Կարայանը:
Ընկերության ներդրումային ծրագրի իրագործման արդյունքում կստեղծվի մոտ 465 աշխատատեղ` միջին աշխատավարձը կազմելով 2017թ.– 525, 2018թ.- 525 և 2019թ.-490 հազ. դրամ: «Լիդիան Արմենիա»-ի նպատակն է Ամուլսարի ոսկու քվարցիտների հանքավայրի կառուցումը և շահագործումը։ Հանքի շահագործման ընթացքում կարտադրվի մոտ 2 միլիոն ունցիա ոսկի և մոտ 3 միլիոն ունցիա արծաթ, որը ամբողջականությամբ կարտահանվի։
Նշենք, որ «Լիդիան Արմենիա»-ն հայկական երկրաբանահետախուզական կազմակերպություն է:
«Լիդիան Արմենիա»-ի բաժնետոմսերի 100%-ը պատկանում է «Լիդիան Ինթերնեյշնլ» ԲԲԸ-ին: Ընկերությունը հիմնադրվել է 2005 թ.-ին և լայնամասշտաբ երկրաբանահետախուզական աշխատանքների արդյունքում հայտնաբերել է Ամուլսարի ոսկու հանքը:
Հավելենք, որ Ամուլսարի հանքավայրի շահագործումը մշտապես գտնվում է բնապահպանների ուշադրության կենտրոնում. նրանք ահանզանգում են, որ Ամուլսարի հանքավայրում, բացի ոսկուց, կան 24 այլ հազվագյուտ տարրեր՝ ուրանի, թորիումի հանքայնացումներ, կալիում, որոնք ոսկու կորզումից հետո թափվում են միջավայր՝ դառնալով թույն:
Ըստ բնապահպանների՝ Ամուլսարի շահագործման հետևանքով միջավայր է թափվում նաև ցիանիդ, որը թունավորում է տարածքը, ինչից այդ տարածքում արածող անասունները սատկում են:
Ամուլսարը չշահագործելու մշտական ակցիաներ են կազմակերպում՝ ահազանգելով, որ հանքի շահագործումը լուրջ էկոլոգիական խնդիրների առաջ է կանգնեցնելու Ջերմուկ քաղաքը, եւ պահանջում դադարեցնել հանքի շահագործումը: