Ախուրյանի բնակիչ անչափահաս տղայի այրվածքներ ստանալու գործով նյութեր են նախապատրաստվում: Այս մասին տեղեկացրեց Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանը: Սեպտեմբերի 5-ին երեկոյան 21:00-ի սահմաններում Գյումրու բժշկական կենտրոն է տեղափոխված Ախուրյանի բնակիչ, 2000 թվականին ծնված Վաչագան Մաթևոսյանի մոտ արձանագրվել է դեմքի, զույգ վերին վերջույթների, որովայնի, ազդրերի 2-րդ, 3-րդ աստիճանի թերմիկ այրվածք, մարմնի մակերեսի մոտ 20-25 տոկոսի չափով, այրվածքային շոկով: Հիվանդն ընդունվել է բավական ծանր վիճակում: Նրան առաջին բուժօգնությունը ցուցաբերելուց և հակաշոկային դեղամիջոցներ ներարկելուց հետո շտապբուժօգնության բժշկական խմբով տեղափոխվել են մասնագիտացված կլինիկա՝ Երևանում գտնվող «Ճառագայթային բժշկության և այրվածքների հանրապետական գիտական կենտրոն»:
«Նախապատրաստվում են նյութեր: Այս պահին նյութերում առկա փաստական տվյալները վկայում են այն մասին, որ կատարվածն անզգուշություն է, բայց բոլոր հանգամանքերը պարզելու ուղղությամբ կատարվում են բազմածավալ աշխատանքներ»,-նշեց Կարեն Գաբրիելյանը:
Նախնական տվյալների համաձայն` տղան այրվածքներ ստացել է ընկերոջ հետ կատակելիս: