«Ելք» դաշինքը դատապարտում է խորհրդային բռնատիրության զոհերին նվիրված ցուցահանդեսի փակումը:
«Օրերս վարչական լծակների գործադրմամբ եւ սպառնալիքների ներքո փակվել է Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանում բացված՝ խորհրդային բռնատիրության զոհերին նվիրված «Խավարում» խորագրով ցուցահանդեսը: Թանգարանի տնօրեն Նարինե Թուխիկյանի խոսքերով ցուցահանդեսի կապակցությամբ իր հասցեին հնչել են սպառնալիքներ: Մշակույթի փոխնախարար Արեւ Սամուելյանն էլ ցուցահանդեսի փակումը պատճառաբանել է դրանում որոշակի շտկումներ կատարելու անհրաժեշտությամբ:
«Ելք» դաշինքը խստորեն դատապարտում է ցուցահանդեսի արգելումը: Սա մշակութային գրաքննության նենգ դրսեւորում է, որը պայմանավորված է քաղաքական նկատառումներով եւ սեփական պատմությանը առերեսվել չկարողանալու խիստ սահմանափակ մտածողությամբ:
Մենք դատապարտում ենք մշակույթի նախարարության այսօրինակ քաղաքականությունը, որը միանգամայն հարիր է խորհրդային տոտալիտար համակարգի գործելաոճին եւ կարող է դառնալ չափազանց վտանգավոր նախադեպ:
«Ելք» դաշինքը պահանջում է ցուցահանդեսի վերաբացում՝ առանց որեւէ գրաքննության: Մշակույթի նախարարությանը կոչ է անում իր վրա չվերցնել մշակութային ոստիկանության գործառույթներ, ինչպես նաեւ՝ իրավապահ մարմինների ուշադրությունը հրավիրում է Նարինե Թուխիկյանի հասցեին սպառնալիքներ հնչեցրած անձանց բացահայտելու եւ պատասխանատվության ենթարկելու խնդրի վրա»,- ասվում է հայտարարության մեջ: