Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադառնալով դատարանի դահլիճ մուտք գործելու ժամանակ փաստաբանների զննությանը, ասաց՝ այստեղ երկու մոտեցում կա.
«Մեկը՝ արդարադատության տեսակետից: Եթե փաստաբանը չի հասնում իր վստահորդին և դրա արդյունքում չի պաշտպանում իր վստահորդի շահերը, եթե հաստատվեր, որ այս գործընթացները սխալ և անօրինական են, որի պատճառով փաստաբանը չի կարողանում իր պաշտպանյալի շահերը պաշտպանել, ապա դա կլիներ դատաքննության իրավունքի խախտում: Այսինքն՝ վստահորդի իրավունքը կհամարվի խախտված և պետությունը խնդիր կունենար Եվրոպական դատարանի հետ:
Մյուս կողմից, եթե փաստաբանին անօրինական չեն թույլատրել մտնել դահլիճ, ապա այս դեպքերում դատարանը բազմաթիվ սանկցիաներ է կիրառել այդ հիմքով, որ փաստաբանը հրաժարվել է զննության ենթարկվելուց և չի մասնակցել նիստերին: Այս սանկցիաների քննարկումը կատարելու է խորհուրդը: Յուրաքանչյուր գործ խորհուրդը մանրամասն քննելու է և փորձելու է համոզվել. եթե անօրինականություն կա, դիրքորքշումը կլինի փաստաբանի կողմը»,- ասաց Զոհրաբյանը:
Նրա խոսքով՝ երեկ պալատի խորհուրդը որոշում է կայացրել երեք փաստաբանի նկատմամբ. «Արայիկ Պապիկյանի և Դավիթ Գյուրջինյանի մասով կարճել է գործի վարույթը. պալատը հավանաբար գտել է, որ իրավաչափ են եղել փաստաբանների գործողությունները: Իսկ Արա Ղարագյոզյանի դեպքում, ով կրկին դահլիճը լքել էր, պատասխանատվության են ենթարկել՝ տույժ նշանակելով, գտել են, որ չէր կարող լքել դահլիճը»:
Զոհրաբյանի կարծիքով՝ այն, ինչ իրականացվում է, դա զննություն է. «Խուզարկությունը կլինի այն, երբ ստիպողաբար կբացեն պայուսակը և կհանեն պարունակությունը: Ես այդպիսի դեպքի ականատես չեմ եղել և փաստաբաններն էլ նման դեպքի մասին վկայություն չեն տվել: Եթե կլինի խուզարկության փորձ, ապա՝ այո, դա վտանգավոր երևույթ է և պետք է դրանով զբաղվել: Զննության հետ կապված էլ խնդիրներ կային, Փաստաբանների պալատը այդ մասին խոսել է և հավասարակշված քայլերով հարցը կարգավորում է», - ասաց նա՝ ընդգծելով, որ չկար արգելված իրերի ցանկ, հիմա՝ կա: