Ազգային ժողովում այսօր՝ սեպտեմբերի 13-ին, 6-րդ գումարման խորհրդարանի երկրորդ նստաշրջանի առաջին քառօրյայի հերթական նիստին հաջորդեց հարցուպատասխանը:
«Ելք» խմբակցության անդամ Նիկոլ Փաշինյանն, անդրադառնալով Հայաստանի ԶՈւ-ին, նշեց. «Մեկ տարի առաջ Ապրիլյան պատերազմի ընթացքում եղել են դեպքեր, երբ ԶՈւ տանկերը «խոդ» չեն ընկել»:
Նա հարց ուղղեց՝ արդյո՞ք կառավարությունը երաշխավորում է, որ այսօր Հայաստանի ԶՈւ-ի բոլոր տանկերը և մյուս տեխնիկական միջոցները գտնվում են լավ վիճակում, արդյո՞ք երաշխավորում են, որ Հայաստանի ԶՈւ-ը ապահովված են բոլոր տիպի անհրաժեշտ զենք-զինամթերքով՝ սկսած փամփուշտներից, արդյո՞ք երաշխավորում են, որ Հայաստանը 6 ամիս շրջափակման մեջ լինելու պարագայում պատրաստ է մարտական գործողություններ վարել:
«Դուք հաշվետվություն եք ներկայացրել կառավարության գործունեության մասին, բայց այնտեղ չեք նշել մի ցուցանիշ, որտեղ նշվում է, որ ՊՆ հետազոտական աշխատանքները պաշտպանության ոլորտում կիսամյակի տվյալներով, կատարվել են 48 %-ով: Այսինքն, ստացվում է, որ մենք ռազմարդյունաբերական համալիր իրականում մեջ չենք ստեղծում»,- ասաց Փաշինյանը:
Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, ի պատասխան պատգամավորի հարցմանը՝ նշեց, որ կարող է հստակ ասել, որ ՀՀ ԶՈւ-ը գտնվում է մարտունակ վիճակում և ի վիճակի է կատարելու իր առջև դրված մարտական խնդիրը, պարբերական զորավարժանքներով և ընթացիկ հատուկ տեսչական ստուգումներով հատուկ ուշադրություն է դարձվում մատակարարվող վառելիքաքսուկային նյութերի որակի և սպառազինության հագեցվածության վրա:
Նախարարը նշեց, որ Փաշինյանի մատնանշած տվյալը կառավարության հաշվետվության մեջ չի մտաբերում, բայց վստահեցնում է՝ մեր ռազմարդյունաբերական համալիրն այսօր գտնվում է վերելքի վրա. «Եթե կիսամյակով կամ եռամսակով միջոցները չեն իրացվել, ապա դա մեկ պահանջ կարող է ունենալ, որ լրացուցիչ խստացված պահանջներ են դրված ներկայացվող ծրագրերի հաստատման, ֆինանսավորման առումով, մենք կանխավճարային սկզբունքով հետազոտական հիմնարկների հետ այլևս չենք աշխատում և պահանջում ենք հստակ արդյունք՝ մինչև ծրագրային ֆինանսավորման բացումը»:
Անդրադառնալով պատգամավորի հարցին՝ շրջափակման մեջ լինելու դեպքում ՀՀ զինված ուժերը կարո՞ղ են մարտական գործողություններ իրականացնել, նախարարը նշեց, որ դա պետական և ռազմական գաղտնիք է, բայց հաշվի առնելով նրա պատգամավորական դիրքը, պատրաստակամություն հայտնեց առանձին պատասխանել նրա հարցին: