Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպան Ռիչարդ Միլսը բացառիկ հարցազրույց է տվել «Ա1+» հեռուստաընկերությանը։ Ինչպես և ակնկալվում էր՝ դեսպանի հարցազրույցի մեխը և հիմնական շեշտադրումները վերաբերում էին ԱՄՆ-ի համար Հայաստանի «Աքիլլեսյան գարշապարը» հանդիսացող կոռուպցիային: Դեսպան Միլսը չզլացավ մեկ անգամ ևս հիշեցնել, որ ցանկացած երկրում, ցանկացած հասարակության մեջ կոռուպցիայի դեմ պայքարում հաջողության հասնելու համար կարևորվում է քաղաքական կամքը ամենավերին օղակից, օրենքների հավասար կիրառումը։ Սա անչափ նուրբ ակնարկ է հայաստանյան իշխանություններին, որ օրենքների կիրառումը պետք է սկսվի հենց իրենցից՝ համապատասխան քաղաքական կամք դրսևորելու միջոցով: 


Այն, որ այդ կամքը բացակայում է, դեսպանը մեկ անգամ չէ, որ ակնարկել է՝ կապված հետընտրական շրջանում ջրի երես դուրս եկած բացահայտումների և դրանք փութաջանորեն «ջրելու»՝ իշխանությունների պատրաստակամության հետ: Մեկ անգամ չէ, որ Միլսը հասկացրել է ՀՀ իշխանություններին, որ ԱՄՆ ղեկավարությունը սպասում է փոփոխությունների հենց բուրգի վերին հատվածում, միայն դա կարող է դառնալ համագործակցության խորացման հիմնաքարը: Դեռ այս տարվա սկզբին Միլսը քննադատության ալիք ուղղեց կառավարության կողմից վարվող հակակոռուպցիոն քաղաքականության ուղղությամբ, այն անվանելով ոչ արդյունավետ: Արդյունքում՝ ամերիկյան կողմը Հակակոռուպցիոն խորհրդի համար իր կողմից նախատեսված ֆինանսական աջակցությունն ամբողջովին չի հատկացրել, մնացած գումարները մինչև այժմ կան և ամերիկյան կողմը շարունակում է ընդհանուր եզրեր փնտրել կառավարության հետ, որպեսզի առավել օգտակար ձևով հնարավոր կլինի ուղղորդել այդ միջոցները, միգուցե՝ մեկ այլ նպատակով։ Հակակոռուպցիոն խորհուրդն առաջընթաց չի գրանցել՝ դա հասկանում են ոչ միայն ամերիկացիները: Բայց Հայաստանում արդեն իսկ ստեղծում են հերթական մարմինը՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը, խոստանալով, որ այն նախորդից դրականորեն կտարբերվի։ Եվ թող չվիրավորվեն ՀՀ իշխանությունները, երբ ԱՄՆ դեսպանը, հաշվի առնելով նախկին դառը փորձը, այս անգամ էլ է անվստահություն հայտնում նրանց նախաձեռնությանը:
 
«Ես ձեզ պարզ կասեմ. այդ գումարները ամերիկյան հարկատուների միջոցներն են և ինձնից առավել մեկը շահագրգռված չէ, որ այդ միջոցներն առավել արդյունավետ օգտագործվեն։ Մենք ցանկանում ենք արդյունքներ տեսնել, արդյունքներ Կառավարությունից, եթե մենք շարունակելու ենք այս ոլորտում միասին աշխատել։ Ես, Միացյալ նահանգների կառավարությունը ցանկանում ենք ի վերջո արդյունքներ տեսնել կոռուպցիայի դեմ պայքարում, գործեր տեսնել թերևս նաև ազդեցիկ մարդկանց դեմ, ովքեր ներգրավված են նման գործելակերպերում։ Վարչապետի պաշտոնավարման ժամանակահատվածում տեսել ենք կոռուպցիայի հետ կապված գործեր դատավորների նկատմամբ։ Այդ գործերը դեռ քննության ընթացքում են, և դրանց վերջնական հանգուցալուծումը չկա։ Ուզում եմ նշել, որ պետք է լինեն այլ գործեր ևս՝ քաղաքական, տնտեսական ազդեցիկ կապեր ունեցող մարդկանց հետ, որոնք միգուցե ներգրավված են կոռուպցիայի հետ կապված գործերում»:  Դեսպանի այս հայտարարությունը կարելի է համարել Կարեն Կարապետյանի կառավարության մեկամյա գործունեության լավագույն գնահատականը: Միլսը հասկացնում է, որ մեկ-երկու դատավոր նստեցնելը դեռ չի նշանակում կոռուպցիա հաղթահարել, մեկ-երկու մանր չինովնիկի ձեռքից բռնելը՝ դեռ չի նշանակում կոռուպցիա հաղթահարել.Դա այն պարագայում, երբ նույն գործելաոճը, պատիժները չեն տարածվում տնտեսական և քաղաքական համակարգին սերտաճած քրեա-օլիգարխիկ համակարգի մաս կազմող սուբյեկտների վրա: Եթե նրանք արտոնյալ են, ապա կառավարության պայքարը կոռուպցիայի դեմ ոչ այլ ինչ է, քան պարզ թոզփչոցի: ԱՄՆ դեսպանը կարծես թե նոր բան չի պահանջում. նրա պահանջը լիովին համահունչ է ՀՀԿ նախընտրական կարգախոսի հետ, որը նախատեսում էր փոխվել և նոր միայն մտածել աշխարհը փոխելու մասին:
 
 
Ստելլա Խաչատրյան