Այսօր բավականին հետաքրքիր, կարելի է ասել նաև զավեշտալի իրավիճակ էր ստեղծվել ՀՀ զինված Ուժերի գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանի հետ լրագրողների կարճ հարցազրույցի ընթացքում: Հակոբյանը ջանք ու եռանդ չխնայեց լրագրողական համայնքին համոզելու համար, որ իր պաշտոնանկության մասին լուրերը հենց իրենց ձեռքի գործն են, կոպիտ ասած՝ մարդու գլխին սարքում են: Սակայն հաջորդ իսկ պահին, ինքը՝ Հակոբյանը, իր թափած ջանքն ու եռանդը ջուրը թափեց, լրագրողի՝ «Այսինքն, Ձեր պաշտոնանկության մասին լուրերը ստահո՞դ են» հարցին վստահ ու գլուխը բարձր պատասխանելով՝ ոչ: Նույնիսկ լրագրողները մի պահ զարմացան Հակոբյանի անկեղծությունից, բայց պարզվեց՝ գլխավոր շտաբի պետի մոտ ոչ թե անկեղծության րոպե էր, այլ ամեն բան շատ ավելի պարզ է՝ նա չգիտի «ստահոդ»բառի նշանակությունը: Իհարկե, լրագրողները, ելնելով էթիկայի կանոններից, փորձեցին զսպել ծիծաղը: Արդարության համար նշենք՝ դա բավականին դժվար խնդիր էր:
 
Այն, որ մեր պաշտոնյաները չեն փայլում գրագիտությամբ՝ գաղտնիք չէ, բայց փոխարենը մենք զարգացնում ենք, օրինակ, ռուսաց լեզուն, երևի նպատակ ունենալով, որ ղեկավարների հաջորդ սերունդն էլ հայտնվի նման կազուսային իրավիճակներում: Մովսես Խորենացուց հետո մինչ օրս ոչինչ չի փոխվել, հայոց աշխարհի համար ողբալու առիթները այսօր էլ չեն պակասում: Թերևս սա է մեր հարգանքը մեր լեզվի հանդեպ, երբ տարրական հայերենին չտիրապետող անձինք ստանձնում են երկրի ռազմական և քաղաքական ղեկավարությունը: Եվ սա բնավ չի վերաբերվում միայն Մովսես Հակոբյանին, քանի որ գիտենք՝ մեր ռազմական իսթեբլիշմենթը, որպես կանոն, խորհրդային «շկոլային» է պատկանում: Բայց համաձայնեք՝ դժվար է պատկերացնել նաև մեր մականունավոր երեսփոխաններին ոսկեղենիկ հայերենով խոսելիս: Մեզ մնում է միայն հուսալ, որ Գլխավոր շտաբի պետը ռազմական տերմինոլոգիային շատ ավելի լավ է տիրապետում…
 
 
Ստելլա Խաչատրյան