Երեկ՝ սեպտեմբերի 18-ին, Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մեկնարկեց «Հայաստան-Սփյուռք» 6-րդ համաժողովը, որի ընթացքում քննարկվեցին Հայաստանի զարգացման հիմնախնդիրներ, Հայաստանի պաշտպանական քաղաքականության առանձնահատկությունները, արտաքին քաղաքականության օրակարգ, հայապահպանության հիմնախնդիրներ:

ԼՈւՐԵՐ.com-ի հետ զրույցում ԱԱԾ պետի նախկին տեղակալ Գուրգեն Եղիազարյանը նշեց, որ նախքան այս համաժողովին անդրադառնալը պետք է նախ մոնիթորինգի ենթարկենք արդեն կայացած թվով 5 համաժողովները. «Եկեք ուշադիր վերլուծության ենթարկենք նախորդ հինգ համաժողովները: Չկա որևէ դրական քայլ, դրական տեղաշարժ, որն այդ համաժողովների ընթացքում արձանագրվել է: Պետք էր նախապես խոսել այն մասին, թե նախորդ տարիներին ասվածների քանի տոկոսն է իրականություն դարձել, ինչն այդպես էլ չլեցինք: Ոչ մի լուրջ քայլ չենք տեսել, և սա է պատճառը, որ ես այս 6-րդ համաժողովի և դրա հետևանքների վերաբերյալ որևէ դրական ակնկալիք չունեմ: Սա բլեֆ է, ուրիշ ոչինչ»,-ասաց Եղիազարյանը՝ առանձնացնելով համաժողովի ընձեռած միայն մեկ դրական հնարավորություն. «Լավ է գոնե՝ սփյուռքի մեր հայրենակիցներն աշխարհի տարբեր երկրներից եկան այստեղ և իրար հանդիպեցին. սա, թերևս, համաժողովի միակ դրական կողմն է»:

Գուրգեն Եղիազարյանը «Հայաստան-Սփյուռք» 6-րդ համաժողովի ժամանակ հնչած ելույթներից առանձնացրեց միայն Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա Ամենայն Հայոց կաթողիկոսի ելույթն ու նրա հնչեցրած դիտարկումները՝ դրանք որակելով ահազանգ հայաստանյան իշխանությունների համար. «Արամ առաջինի այն միտքը, որ Հայաստանը դատարկվում է, իսկ սփյուռքը՝ մաշվում, ահազանգ պետք է լինի մեր իշխանությունների համար: Սակայն անգամ այդ հեղինակավոր մարդու՝ այս շատ դիպուկ դիտարկումը մերոնք թողեցին և հետագայում էլ կթողնեն անարձագանք, հակառակ պարագայում Արամ առաջինին երկրի նախագահը կասեր՝ «Ո՛չ, այդպես չէ, Հայաստանը չի դատարկվում, կա վիճակագրություն». այնպես, ինչպես ասաց Ծաղկաձորում՝ բազեականների հետ զրույցում»:

Դիտարկմանը՝ փաստորեն՝ սփյուռքահայերի ու, մասնավորապես, սփյուռքահայ բարերաների համար «Հայաստան-Սփյուռք» 6-րդ համաժողովը կվերականգնի՞ Հայաստանի նկատմամբ վստահությունը, Գուրգեն Եղիազարյանը պատասխանեց. «Հայաստանի նկատմամբ չկա՛ վստահություն, էլ չեն ներդնելու այստեղ ոչինչ, գիտեն, որ այստեղ խժռելու են ամեն ինչ: Այս համաժողովը չի վերականգնի այդ վստահությունը, նորից եմ ասում՝ սա բլեֆի մակարդակի ինչ-որ բան է»:

Աղավնի Սուքիասյան