ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամներ Ֆրենք Փալոունը և Թուլսի Գեբըրդը՝ ԱՄՆ-ում Արցախի մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանի, Ամերիկայի հայկական համագումարի (ԱՀՀ) համանախագահ Էնթոնի Բարսամյանի և «Հայաստան» հիմնադրամի ԱՄՆ կառույցի տնօրեն Մարիա Միհրանյանի ուղեկցությամբ սեպտեմբերի 20-ին ժամանել են Արցախ: Այս մասին տեղեկացրին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի մամուլի ծառայությունից:
Կոնգրեսականներին առավոտյան Շուշիում դիմավորել է Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը: Այնուհետև հյուրերը այցելել են Շուշիի արհեստագործական ուսումնարան և Սուրբ Ամենափրկիչ եկեղեցի:
ԱԺ նախագահի աշխատասենյակում տեղի ունեցած առանձնազրույցից հետո կայացել է ընդլայնված կազմով հանդիպում, որտեղ հյուրերին միացել է Ամերիկայի Հայ Դատի գրասենյակի տնօրեն Րաֆֆի Համբարյանը: Նիստերի մեծ դահլիճում կազմակերպված հանդիպմանը մասնակցում էին Արցախի օրենսդիր ու գործադիր իշխանությունների ներկայացուցիչները, հանրային-քաղաքական և գիտակրթական ոլորտների պատասխանատուները:
Ներկայացնելով հյուրերին՝ ԱԺ նախագահը նշել է, որ Արցախում և Հայաստանում մշտապես զգում են Կոնգրեսի Հայկական հարցերով հանձնախմբի աջակցությունը համահայկական նշանակության հարցերում: Խոսելով անցած տարիների համագործակցության մասին՝ Աշոտ Ղուլյանը կարևորել է 2006թ-ից ԱՄՆ Կոնգրեսում Արցախի անկախությանը նվիրված միջոցառումների կազմակերպումը և Արցախի միջազգային ճանաչման հարցում կոնգրեսականների հետևողական ջանքերը:
«Պատահական չէ, որ հենց ամերիկյան նահանգներից են գալիս Արցախի անկախությունն ու ազատությունը սատարող առաջին ազդակները, որոնք արտահայտվում են նահանգային մակարդակի օրենսդիր մարմինների կողմից ընդունված բանաձևերի տեսքով: Նման բանաձևերը ոչ միայն քաջալերում են Արցախի ժողովրդին ազատության համար անհավասար պայքարում, այլև մեկ անգամ ևս փաստում են ԱՄՆ-ի հավատարմությունն ազատության բացարձակ գաղափարին»,- ընդգծել է խորհրդարանի նախագահը:
Շնորհակալություն հայտնելով հանդիպման համար՝ Ֆրենկ Փալոունը անդրադարձել է Կոնգրեսի Հայկական հարցերով հանձնախմբի և Արցախի իշխանությունների միջև համագործակցության ձևավորված ավանդույթներին և գոհունակություն հայտնել Արցախում տարեցտարի նկատվող քաղաքական, տնտեսական և սոցիալական առաջընթացի կապակցությամբ:
ԱՄՆ Կոնգրեսում Հայկական հարցերի հանձնախմբի հիմնադիր համանախագահ Ֆրենկ Փալոունը շեշտել է, որ իրենց գործունեությունը հիմնականում նպատակ ունի ամերիկյան հասարակությանը հասցնելու Արցախի մասին երեք իրողություն, որ Արցախը իրավական երկիր է, որ այն անկախացել է միջազգային իրավունքի նորմերին համապատասխան և ունի արդյունավետ գործող պետական ինստիտուտներ:
Կոնգրեսական Թուլսի Գեբըրդը, խոսելով Արցախ կատարած իր առաջին այցի մասին, ընդգծել է, որ որպես նախկին զինվորական քաջ գիտակցում է պատերազմի մեջ գտնվող ժողովուրդների կողմից խաղաղության ընկալման արժեքը և, որպես իշխանության ներկայացուցիչ, հետագայում ևս շարունակելու է աջակցել արցախցիների արդար պահանջին:
Եզրափակելով հանդիպումը՝ խորհրդարանի նախագահը նշել է, որ ամերիկացի գործընկերների այցը միասնական նպատակին՝ Արցախի միջազգային ներգրավվածությանն ու ճանաչմանն ընդառաջ մի քայլ է, որն արժանի է գոհունակության և բարձր գնահատանքի: