Սեպտեմբերի 19-ին Նյու Յորքում են հավաքվել մոլորակի ամենահարուստ ու ազդեցիկ մարդկանցից շատերը՝ նշելու հեղինակավոր Forbes հանդեսի 100-ամյակը:

Ինչպես նշում է The Daily Mail-ը, հրավիրվածների շարքում ամենահարուստը եղել է ամերիկացի գործարար Ուորեն Բաֆեթը, որի կարողությունը գնահատվում է 78.6 մլրդ դոլար:

Հանդեսի «ծննդյան» կապակցությամբ Pier Sixty հանդիսությունների շքեղ սրահում ներկա բոլոր միլիարդատերերն ու միլիոնատերերը միասին բեմ են բարձրացել ու լուսանկարվել: Արդյունքում ստացվել է բացառիկ կադր՝ «125 մլրդ դոլար արժողությամբ»: Աղբյուրը մանրամասնում է, որ լուսանկարում ներկա բոլոր մարդկանց կարողությունն իրար գումարելու դեպքում ստացվում է 125 մլրդ դոլար:

Նշվում է, որ Forbes-ի 100-ամյակի առթիվ թողարկվել է ամսագրի հատուկ համարը, որում անդրադարձ է արվել ներկայում ապրող 100 ամենախելացի գործարարներին: Ցանկում ներառվել են Ջեֆ Բեզոսը, Բիլ Գեյթսը, Մայքլ Բլումբերգը, Ջորջո Արմանին, Իլոն Մասկը, Մարկ Ցուկերբերգը, Ռիչարդ Բրենսոնը, Օփրա Ուինֆրին և այլ մեծահարուստներ: