Թուրքիան սկսել է ռազմական տեխնիկա մտցնել Սիրիա։ Տեխնիկան կգործարկվի Իդլիբի դեէսկալացիոն գոտում անվտանգության ապահովման համար։ Այս մասին հայտնում է Yeni Akit թերթը։

Պարբերականը հրապարակել է ռազմական տեխնիկայով բեռնատարների լուսանկարներ, որոնք հատում են Ջիլվեգեզյու սահմանային անցակետը։ Դրանից հետո, թերթի տեղեկություններով, դրանք կանգ են առել բուֆերային գոտում և սպասում են հրամանների՝ հետագա գործողությունների համար։

Մայիսի սկզբից Սիրիայում ստեղծվում են դեէսկալացիոն 4 գոտիներ։ Համապատասխան համաձայնագիրը ձեռք էր բերվել Աստանայում՝ Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի ներկայացուցիչների միջև։ Ներկա պահին գործում են 3 գոտիներ՝ Սիրիայի հարավ-արևմուտքում, Արևելյան Գուտայում (Դամասկոսի արվարձան) և Հոմս քաղաքի շրջանում։ Չորրորդ գոտու մեջ կներառվեն Իդլիբ նահանգն ու հատվածներ հարևան Հալեպ, Լաթաքիա և Համա նահանգներից։

Սեպտեմբերի կեսերին Yeni Safak թերթը գրել էր այն մասին, որ Թուրքիան և Սիրիայի ազատ բանակը մտադիր են 25 հազար մարտիկ ուղարկել՝ Իդլիբ նահանգի դեէսկալացիոն գոտում անվտանգության ապահովման համար։