Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 23-ին շնորհավորական հեռագիր է հղել ՀՀ վաստակավոր արտիստ Շուշան Պետրոսյանին ծննդյան տարեդարձի առթիվ՝ մաղթելով քաջառողջություն, երջանիկ կյանք և ստեղծագործական նորանոր նվաճումներ:Այս մասին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:
«Դուք հայ երգը ներկայացնող այն արվեստագետներից եք, որն արժանիորեն վայելում է մեր ժողովրդի սերն ու համակրանքը:
Ազգային զարթոնքի և անկախ պետականության ակունքներում կանգնած երիտասարդ սերնդակիցների հետ Ձեզ բախտ վիճակվեց մասնակցելու նորօրյա Հայաստանի մշակութային դիմագծի կերտմանը, իսկ հմայիչ ձայնով և անկրկնելի կատարումներով նոր խոսք, նոր որակ ու մտածողություն բերեցիք հայ երգարվեստ:
Հայրենիքի, ազգային բանակի, մարդկային ամենաթանկ ու նվիրական զգացմունքների մասին Ձեր բազում կատարումները մնայուն արժեքներ են մեր ազգային երգարվեստի գանձարանում»,- ասված է Հանրապետության Նախագահի շնորհավորական հեռագրում: