Որպես քաղաքական գործիչ՝ ես աբսուրդ լրատվական պրովոկացիաների շատ եմ հանդիպել, բայց ցանկացած աբսուրդ պիտի գոնե տրամաբանության սահմաններում լինի: Լուրեր.com-ի հետ զրույցում անդրադառնալով այն հրապարակմանը, թե Քոչարյանի որդին կռիվ է գցել ԲՀԿ-ում, ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը:

«Գրել ԲՀԿ նիստից սցենարներ, որ ընդհանրապես, գոնե մոտավոր խոսակցություն չի եղել, ինձ արդեն ստիպում է մտածել՝ միգուցե ես այդ նիստին չեմ եղել, այն դեպքում, երբ ես այդ նիստին սկզբից մինչև վերջ ներկա եմ եղել: Ցանկացած աբսուրդ պիտի ինչ-որ քաղաքական լոգիկայի մեջ տեղավորի, և դրա համար պատահական չէ, որ 2-րդ նախագահի գրասենյակը հերքել է լրատվական ապատեղեկատվությունը: Անգամ մոտավոր ակնարկ, քննարկում նշված անձնավորության վերաբերյալ ուղղակիորեն չի եղել: Եվ գրել սցենարներ, թե նիստը թեժ է եղել, կեսից ընդհատվել է, ես այդ գրողներին խորհուրդ եմ տալիս իրենց ստեղծագործական ջիղը փորձել սյուրռեալիստական վեպեր գրելու գործում, միգուցե նրանք կարողանան մրցակցել անգամ Էժեն Իոնեսկոյի հետ սյուրռեալիզմի և աբսուրդի ոլորտում»,-ասաց Զոհրաբյանը:

Հիշեցնենք, որ ըստ մամուլի հրապարակման՝ մարտի 5-ին ԲՀԿ-ն քննարկել է Երևանի ավագանու ընտրությունների իր համամասնական ցուցակը, իսկ այդ քննարկումները բավական թեժ են եղել, քանի որ առաջարկություն է արվել, որ ցուցակը գլխավորի Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Սեդրակ Քոչարյանը: Ըստ թերթի որոշ տեղեկությունների՝ կրքերն այնքան են բորբոքվել, որ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն առաջարկել է հետաձգել նիստը: