ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Միհրան Հակոբյանը «Իրավունք»-ի հետ զրույցում արձագանքել է ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտոր Սվիտալսկիի՝ «տնային աշխատանքը» կատարելու մասին Հայաստանին ուղղված հորդորին:
«Պյոտոր Սվիտալսկին արտահայտվել է՝ կապված վիզաների ազատականացման բանակցությունների հետ ճիշտն ասած, չգիտեմ, թե կոնկրետ տեքստն ինչպիսին է եղել, բայց դրա բնօրինակն եմ ուզում տեսնել։ Եթե անգլերեն է ասվել եւ անգլերենից թարգմանվել է հայերեն, ապա այստեղ կարող էր խնդիր լինել։ Այս դեպքում տնային աշխատանքը մի փոքր վիրավորական է հնչում, բայց անգլերենում homework-ը ոչ թե միայն տնային աշխատանքի իմաստ ունի, այլ այսպես ասած քաղաքական լեքսիկոնում օգտագործվում է պարտավորությունների իմաստով։
Ամեն դեպքում լավ կլիներ թե՛ թարգմանիչները, թե՛ ՀՀ-ում ԵՄ դեսպանը իրենց արտահայտություններում կոռեկտությունը պահեին, որովհետեւ նման տարըմբռման խնդիր կարող է առաջանալ։ Հասկանում եմ, որ «տնային աշխատանք» արտահայտությունն այս դեպքում ինչ-որ երեխայական, հեգնական նշանակություն ունի, բայց եթե խոսքը պարտավորությունների մասին է, բանական է, որ որպես բանակցող կողմեր՝ եւ՛ Հայաստանը, եւ Եվրամիությունը ստանձնում են պարտավորություններ։ Ավելին՝ մինչեւ այդ պարտավորությունները չկատարվեն, բնականաբար, վիզաների ազատականացում չի լինի։
Ինչ վերաբերում է Հայաստան-Եվրամիություն ստորագրվելիք փաստաթղթին, ապա չեմ կարծում, թե Սվիտալսկին կարող էր նկատի ունենալ այն, որովհետեւ դրա բանակցություններն ավարտված են, եւ մնում է միայն ստորագրման փուլը։ Հետեւաբար, այդտեղ պարտավորություններ կատարելու կամ չկատարելու ոչ մի խնդիր չկա։ Իսկ վիզաների ազատականացման հարցը, որը բանակցային փուլում է գտնվում կամ դեռ չի էլ սկսվել, այդտեղ, բնականաբար, փոխադարձ պարտավորություններ պետք է լինեն, եւ դրանք պետք է երկկողմանի կատարվեն, որ այդ գործընթացը տեղի ունենա»,-ասել է նա»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում