Եվրոպական ժառանգության օրերի շրջանակներում Արցախի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարությունը սեպտեմբերի 30-ին և հոկտեմբերի 1-ին նախաձեռնել է «Ժառանգությունը և բնությունը. հնարավորությունների բնատեսարան» խորագրով ավելի քան երեք տասնյակ ակցիաներ: Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարությունից, անցած երկու օրերի ընթացքում Արցախում կազմակերպվել են օրվա թեմային համահունչ դասընթացներ և ֆիլմերի ցուցադրություններ, բաց դռների օրեր, այցելություններ բնական և պատմամշակութային հուշարձանների տարածքներ, հանդիպում-քննարկումներ:
Միջոցառումները հիմնականում կայացել են համայնքների բնական վայրերում, պետական արգելոցներում, բնական և պատմական հուշարձանների տարածքներում: Տիգրանակերտի արգելոցում ֆիզիկական սահմանափակ հնարավորություն ունեցող անձանց համար կազմակերպված էքսկուրսիայի ընթացքում ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարար Սերգեյ Շահվերդյանը ընդգծել է մշակութային ժառանգության վայրերի հասանելիության կարևորությունը և համոզմունք հայտնել այդ ուղղությամբ տարվող աշխատանքների շարունակականության վերաբերյալ:
Եվրոպական ժառանգության օրերը նշվում են 1985 թվականից` Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների ճարտարապետական ժառանգության համար պատասխանատու նախարարների համաժողովի որոշմամբ: Ակցիային միացել են ավելի քան 50 երկիր, այդ թվում՝ Հայաստանն ու Արցախը: Նշենք, որ Արցախի Հանրապետությունը միացել է Եվրոպայի ճարտարապետական ժառանգության պաշտպանության մասին և հնագիտական ժառանգության պահպանության մասին կոնվենցիաներին 2015 թվականին: