Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 16:00-ին, «Նարեկացի» արվեստի միությունում կմեկնարկի «Աուդիո ռեստավրացիա» խորագիրը կրող դասընթացների առաջին ներածական բաց դասը՝ նախատեսված հաշմանդամություն ունեցող անձանց համար:

2010 թվականից «Նարեկացի» արվեստի միությունն իրականացնում է «Ձեռք ձեռքի՝ հաշմանդամություն ունեցող անձանց հետ» նախաձեռնությունը, որի ներքո էլ կյանքի է կոչում այս նոր ծրագիրը:

Դասընթացները կգլխավորի Տիգրան Սիրավյանը, ով 1986 թվականից գործունեություն է ծավալել թատրոնի, կինոյի, ռադիոյի, հեռուստատեսության ոլորտներում, իսկ 2000 թվականից առ այսօր՝ մուլտիմեդիայի և աուդիոռեստավրացիայի ասպարեզներում:

Ներածական բաց դասի ընթացքում նա կխոսի ձայնագրությունների ստեղծման, անալոգային և թվանշանային կրիչների, ձայնագրության որակի գնահատման (դիագնոստիկա), մոնտաժի, վերանորոգման հնարավորությունների (մեթոդներ և գործիքներ), նաև ռեստավրացիայի նշանակության և կարևորության մասին: 
Հետագայում դասընթացներին մասնակցել ցանկացողներին ավելի հանգամանորեն կներկայացվեն ձեռքբերվելիք մասնագիտության բուն նյութն ու նպատակը: 

Մուտքն ազատ է: