Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հերքել է տարածված լուրերն այն մասին, թե «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինները Սիրիայում ռուսական Մի-28 ռազմական ուղղաթիռ են խոցել: Ինչպես հայտնում է «Ինտերֆաքս»-ը, ՌԴ պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ ուղղաթիռը տեխնիկական խնդիրների պատճառով ստիպված վայրէջք է կատարել՝ վստահեցնելով, որ ներքևից ուղղաթիռը գրոհի չի ենթարկվել:
«Օդաչուների կյանքին և առողջությանը ոչինչ չի սպառնում: Անձնակազմի զեկուցմամբ և ուղղաթիռի զննության արդյունքներով պարզվել է, որ այն գրոհի չի ենթարկվել: Ուղղաթիռի անձնակազմը որոնողա-փրկարարական ծառայության կողմից օպերատիվ կերպով տեղափոխվել է ավիաբազա»,- հայտնել են ՌԴ ՊՆ-ից:
Միջադեպը տեղի է ունեցել Սիրիայի Համա նահանգում: Մի-28 ուղղաթիռն ուղեկցել է ռուս զինծառայողների տեղափոխող Մի-8 տրանսպորտային ուղղաթիռին: