Այս շաբաթ ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ «Հայ Յեղափոխական Դաշնակցության»՝ Տավուշի մարզից ընտրված պատգամավոր Սուրեն Մանուկյանն իր հարցադրմամբ մեղադրեց Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանին, որ վերջինս խտրական վերաբերմունք է ցուցաբերում մարզի տարբեր համայնքների նկատմամբ: Նրա հարցը վերաբերում էր 2016թ.-ի՝ ՀՀ պետբյուջեով սոցիալապես անապահով խավին տրամադրվող գումարներին և, մասնավորապես, Տավուշի մարզպետի որոշումներին: Սուրեն Մանուկյանի խոսքով՝ բնակիչների մտահոգությունից հետո իրենք ուսումնասիրել են և պարզել, որ միջպետական ճանապարհի վրա գտնվող Կողբ համայնքին, մարզպետի որոշմամբ, սոցիալապես անապահովների օգնության ֆոնդից 2016թ-ին ուղղվել է 3 930 000 դրամ:

Կողբը մարզպետի հարազատ գյուղն է, մինչդեռ, օրինակ, Արծվաբերդին հատկացվել է ընդամենը 20 000 դրամ նույն ֆոնդից, այն դեպքում, երբ բնակչության թիվը նույնն է: Կողբը Վրաստանի սահմանից ընդամենը 20 կիլոմետր է հեռու՝ հայ-ադրբեջանական սահմանին մոտիկ չէ, մայրուղուն կից է, մաքսատունը մոտ է, հետեւաբար՝ նաեւ աշխատանք ունեցողներ շատ ունի: Իսկ, օրինակ, Արծվաբերդը, Այգեձորը, Չինարին, Մովսեսը, Այգեպարը սահմանապահ համայնքներ են՝ երբեմն հակառակորդի դիրքերից հեռավորությունը 350-650 մետր է: Ու պարզվում է՝ այստեղ կա՛մ անապահով չկա, կա՛մ սոցիալական աջակցություն չեն խնդրում մարզպետից, կա՛մ էլ մարզպետին ավելի շատ իր հայրենի գյուղն ու գյուղացիներն են հետաքրքրում: Սա նորություն չէ ազերական կրակահերթերի տակ ապրող սահմանամերձ համայնքների բնակիչների համար:Ե՞րբ էին նրանք կառավարության, մարզպետարանի ուշադրության կենտրոնում գտնվել: Թերևս՝ երբեք: Այս համայնքները մատնված են բախտի քմահաճույքին, գոյատևում եմ միայն հայ գյուղացու հայրենասիրության և սեփական հողը թուրքին չհանձնելու կամքի հաշվին: Մի՞թե այսպես է կառավարությունն ընկալում ՀՀ մարզերի հավասարաչափ զարգացումը, կամ  մինչև 2040-ը 4 միլիոն բնակչություն ապահովելը…

 

Ստելլա Խաչատրյան